Կրթության ճիշտ ուղեծրեր ու սկզբունքներ ՏՏ ոլորտի համար. ներառական աճի խթանման քննարկումներ

Դիտումների քանակ՝ 1549

Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային ծրագրերի կենտրոնում «Հայաստանում ներառական աճի խթանման քննարկումների հարթակի ստեղծում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ազդեցությունը Հայաստանի ներառական աճի վրա․ խոչընդոտներ և մարտահրավերներ» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի ղեկավար Զառա Ալլահվերդյանը, նույն գրասենյակի ներկայացուցիչ Լուկաս Լյուշերը, ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, որակի ապահովման բաժնի պետ, ծրագրի ղեկավար Ներսես Գևորգյանը, բաժնի աշխատակիցները, տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ Վարդան Սարգսյանը, ԵՊՀ և ՀԱՊՀ պրոռեկտորներ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, ՏՏ ոլորտի հայաստանյան մի շարք կազմակերպությունների ներկայացուցիներ, ՀՊՏՀ, ԵՊՀ և ՀԱՊՀ ուսանողներ:

Բացման խոսքում Ներսես Գևորգյանը նշեց, որ ներառական աճի խթանման քննարկումները արդյունավետ են ընթանում՝ ընդգրկելով բազմազան ոլորտներ՝ կրթություն, գյուղատնտեսություն, փոքր և միջին ձեռնարկատիրություն, ֆինանսավարկային քաղաքականություն, գենդերային և այլ հիմնախնդիրներ, որ մասնակիցները պատրաստվում են համապատասխան ուղղություններով քաղաքականությունների մշակման ծրագրեր:

«Տեխնոլոգիական ոլորտի վերջին զարգացումները, մարտահրավերներն ու խոչընդոտները» թեմայովզեկուցումներով հանդես եկան Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և «Ի-Վի Քոնսալթինգ» ՓԲԸ-ի հանրային խորհրդատվության գծով ղեկավար Սևակ Հովհաննիսյանը: Բագրատ Ենգիբարյանը իր ելույթում մասնավորապես ներկայացրեց Հայաստանումտեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետազոտության արդյունքները՝ կանգ առնելով իրական ու հուզող խնդիրների վրա՝ աճի տեմպեր, արդյունավետության ցուցիչներ, նոր հնարավորություններ ու նոր դիրքավորում, սփյուռքի առկայություն, ավանդույթներ և այլն: Բանախոսը կանգ առավ բուհական կրթության, մասնավորապես՝ այս ոլորտի մասնագետների պատրաստման հիմնախնդրի վրա: Նա տեղեկացրեց, որ հոկտեմբերին սպասվում է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հայաստանյան ձեռքբերումների 2 ցուցադրություն՝ Digitec Expo և ArmTech Congress 2015: Հայաստանը ինովացիաների երկիր է, և սա դեռ սկիզբն է. փաստեց բանախոսը: Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց Հայաստանում ՏՏ հմտությունների գնահատումը՝ ոլորտի հիմնական ցուցանիշները, ընկերությունների թվի աճի շարժընթացը (2008-2013թթ.), ոլորտի վերջին նախաձեռնությունները (ՀՀ ազգային ճարտարագիտական լաբորատորիա, Գյումրու ՏՏ կենտրոն), աշխատուժի գնահատումը, մրցունակությունը: Բանախոսն անդրադարձավ համալսարանների և ոլորտի ընկերությունների միջև համագործակցության անհրաժեշտությանը: Ըստ բանախոսի՝ ոլորտն այսօր ունի 2000 մասնագետի պահանջարկ, տարեկան նույնքան թողարկում բուհերում, սակայն ոլորտում աշխատանքի է անցնում շուրջ 900 մասնագետ. արձանագրվում է առկա հմտությունների քանակական բաց:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի զեկուցման թեման էր՝ «Անհրաժեշտ կրթական բարեփոխումներ և  աշխատաշուկային համարժեք կադրերի պատրաստում»: Նա իր ելույթում հատկանշեց, որ կրթությունը պետք է սկսել դպրոցից, հենց դպրոցում պետք է սկսել զարգացնել ՏՏ հետաքրքրություններ և հմտություններ (ռոբոտաշինության խմբակներ)՝ սկզբնավորելով «կրթության ճիշտ ուղեծրեր և սկզբունքներ»:

Բանախոսների ընդարձակ ելույթներից հետո ծավալվեց կառուցողական բանավեճ-քննարկում՝ հնչեցվեցին հրատապ ու կարևոր հարցադրումներ:

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի Հարավկովկասյան բաժնի աջակցությամբ իրականացնում է «Հայաստանում ներառական աճի խթանման քննարկումների հարթակի ստեղծում» ծրագիրը, և  հերթական քննարկումն այդ ծրագրի շրջանակներում է:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին