Մեր ուսանողները «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունից ստացան հավաստագրեր

Դիտումների քանակ՝ 1651

ՀՊՏՀ-ի և «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության համագործակցության շրջանակներում իրականացվում են տարբեր միջոցառումներ` արտադրական փորձառության կազմակերպում, անվանական կրթաթոշակների տրամադրում, զանազան մրցույթներ  և այլն: Ուսանողների համար կազմակերպվել էին նաև վարպետության դասընթացներ. 2014-2015 ուստարվա 2-րդ կիսամյակի ընթացքում մեր բուհի ապահովագրական գործ մասնագիտության 3-րդ կուրսի  ուսանողները «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ում  մասնակցել են վարպետության դասընթացների: ՀՊՏՀ ինը ուսանող այսօր ընկերությունում հանդիսավոր կերպով ստացավ դասընթացների մասնակցությունը հավաստող վկայականներ:

Միջոցառմանը ներկա էին ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչի ժ/պ Աննա Ասլանյանը, «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ի անձնակազմի կառավարման դեպարտամենտի ղեկավար Անահիտ Աստաբատցյանը, անձնակազմի հավաքագրման բաժնի ղեկավար Լուսինե Գևորգյանը:

Բացման խոսքով հանդես եկավ Լուսինե Գևորգյանը, ով կարևորեց մեր բուհի և «Ռոսգոսստրախ»-ի համագործակցությունը, ամփոփ ներկայացրեց դրա շրջանակներում իրականացվող ծրագրերը, միջոցառումները: Անդրադառնալով վարպետության դասընթացներին՝ անձնակազմի հավաքագրման բաժնի ղեկավարը նշեց, որ դրանք նպատակ ունեին աշխատաշուկայի պահանջներին համապատասխան պրակտիկ գիտելիքներ փոխանցելու ուսանողներին:
Կարևորվեց հատկապես այն հանգամանքը, որ դասընթացները վարել են ոլորտի լավագույն մասնագետները, որոնցից շատերն  ունեն նաև միջազգային որակավորում, այսինքն, ներկայացվել է նաև  ապահովագրական ոլորտի համաշխարհային փորձը:

Հավաստագրերը հանձնեց  Անահիտ Աստաբատցյանը՝ կոչ անելով ուսանողներին անընդհատ զարգանալ, լրացնել գիտելիքները: Աննա Ասլանյանն իր ելույթում ընդգծեց, որ ՀՊՏՀ-ն առանձնահատուկ կերպով կարևորում է գործատուի պահանջները, ուստի, այս առումով, դասընթացները ուսանողներին հնարավորություն տվեցին նախքան աշխատանք փնտրելը ծանոթանալ աշխատաշուկայի պահանջներին, փորձ ձեռք բերել: Ամբիոնի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ապահովագրական ընկերությանը:

Ուսանողներն, իրենց հերթին, հավաստեցին դասընթացների օգտակարությունը և շնորհակալություն հայտնեցին բոլոր դասավանդողներին: Մելինե Ազատյանը նշեց, որ նյութը մատուցվել է մատչելի ձևով, ամեն ինչ, այսպես ասած, գործնական է եղել: Հավելենք՝ հավաստագիր ստացած  ուսանողներից 2-ը նաև ստանում են  անվանական կրթաթոշակ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունից:

Աննա Ասլանյանը հույս հայտնեց, որ համագործակցության շրջանակում նման միջոցառումներ կձեռնարկվեն նաև գալիք ուսումնական տարում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին