Կայացավ ռեկտորատի հերթական նիստը
2014-2015 ուստարվա հեռակա մագիստրատուրայի երկրորդ կուրսի գիտահետազոտական փորձառության արդյունքների ամփոփում, 2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի բակալավրիատի և մագիստրատուրայի հեռակա ուսուցման համակարգի դասապրոցեսի կազմակերպման ժամանակացույցի հաստատում, ընթացիկ հարցեր. աշխատանքային երկուշաբթին այս հագեցած օրակարգով սկսեց ՀՊՏՀ ռեկտորատը:
Ռեկտոր Կորյուն Աթոյանը ողջունեց ռեկտորատի անդամներին և առաջին հարցը ներկայացնելու համար խոսքը տրամադրեց դեկաններին: Բոլոր ֆակուլտետների դեկանները հանդես եկան հեռակա մագիստրատուրայում գիտահետազոտական փորձառության արդյունքների հաշվետվությամբ: Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը հետաքրքրվեց, թե հեռակա մագիստրատուրայի ուսանողներից քանիսն է ներգրավված եղել գիտահետազոտական աշխատանքներում: Ի պատասխան, դեկանները նշեցին, որ ՀՊՏՀ գիտահետազոտական գործունեության մեջ առավելապես ներգրավված են առկա ուսուցման համակարգի մագիստրանտները:
2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի բակալավրիատի և մագիստրատուրայի հեռակա ուսուցման համակարգի դասապրոցեսի կազմակերպման ժամանակացույցի հաստատման մասին զեկուցմամբ հանդես եկավ ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը, ռեկտորատը հաստատեց այն:
Ընթացիկ հարցերի շարքում քննարկվեցին ուսանողների՝ ռեկտորին ուղղված դիմումները, անդրադարձ կատարվեց վարձավճարների գանձման գործընթացին և այլ հարցերի:
Նշենք, որ գալիք ուսումնական տարվա հեռակա կրթաձևի դասապրոցեսի կազմակերպման հաստատված ժամանակացույցը կներկայացնենք առաջիկայում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին