ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը շնորհավորանքի խոսք է հղել ՀՊՏՀ շրջանավարտներին

Դիտումների քանակ՝ 1034

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը շնորհավորանքի խոսք է հղել ՀՊՏՀ շրջանավարտներին, որը ներկայացնում ենք ստորև.

Սիրելի շրջանավարտներ

Յուրաքանչյուր տարի այս օրերին մենք հայտնվում ենք ավանդական այս ճամփաբաժնին և ապրում յուրահատուկ ապրումներ, քանի որ մեծ կյանք ենք ճանապարհում մեր համալսարանի շրջանավարտների հերթական սերնդին: Պատմականորեն ու նաև ավանդույթի ուժով հայ ժողովրդի կյանքում կրթությունը եղել է բարձրագույն արժեք, որի մեջ մեր ժողովուրդը տեսել է առաջադիմության, պետականաշինության, ազգային առաջընթացի, երկրի բարօրության, ինքնության պահպանման ոգեղեն հնարավորությունը:

Շնորհիվ մեր պետության բարձրագույն ղեկավարության`այսօր էլ մեր երկրում մեծ դեր է տրվում կրթությանն ու գիտությանը. ներդրվել են ուսանողների սոցիալական աջակցության բազմազան և ճկուն մեխանիզմներ, բարձրագույն կրթական հաստատություններն ընդառաջ են գնում առկա մարտահրավերներին` հնարավորություն տալով ուսանողներին ստանալ կրթություն իրենց հայրենիքում: «Ոչ մի լավ սովորող ուսանող սոցիալական պայմանների պատճառով չպետք է զրկվի կրթություն ստանալու իր իրավունքից». Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի այս հանձնարարականը մեզ համար դարձել է անխախտ աշխատաոճ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից այս տարիներին որևէ լավ սովորող ուսանող դուրս չի մնացել ուսման վարձի պատճառով:

Կրթական բարեփոխումների ծանր գործընթացում մենք զգում ենք նաև Հայաստանի Կառավարության գործուն աջակցությունը, ինչը հնարավորություն է տալիս մեզ բարելավելու կրթական ծառայությունների որակը, զարգացնելու կրթական ավանդույթները, ոտքի կանգնեցնելու մեր հաստատությունները: Սա շատ կարևոր է` հատկապես հաշվի առնելով կրթական շուկայում առկա ներկա մրցակցությունը:

Սիրելի շրջանավարտներ

Հավատացեք, որ մենք փորձել ենք լավագույնը ներդնել ձեր կրթության կազմակերպման գործում և վստահ ենք, որ դուք այստեղ ստացել եք այն հիմնարար գիտելիքները, որոնք ձեզ համար կյանքի նոր ուղի կհարթեն: Չի բացառվում, որ եղել են նաև բացթողումներ, բայց մյուս կողմից` դուք ականատեսն եք եղել մեր այն ջանքերին, որոնք միտված են եղել ձեր ուսումնառության գործընթացի բարելավմանը, կրթական միջավայրի բարեկարգմանն ու արդիականացմանը, նոր պայմանների ստեղծմանը:

Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս մեր համալսարանի մի քանի հարյուր սաների, որոնց, համոզված եմ, կարճ ժամանակ հետո տեսնելու ենք հայաստանյան տնտեսության տարբեր ճյուղերում` օգտակար առաքելությամբ:

Սիրելի շրջանավարտներ

Մաղթում եմ ձեզ առողջություն, նպատակների իրականացում, մեծ կամք` հաջողություններ կերտելու ճանապարհին: Եվ ավանդույթի համաձայն հորդորում եմ` չկորցնել հետադարձ կապը ձեր սիրելի համալսարանի հետ, որտեղ ձեզ միշտ սպասում են, որտեղ ձեր հաջողություններով հպարտանում են:

Ամենայն բարիք ձեզ:

Հարգանքով՝

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր

ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ