Արդյունավետ համագործակցություն. «Ինգո Արմենիայի» կողմից ՀՊՏՀ ուսանողները ստացան հավաստագրեր

Դիտումների քանակ՝ 1236

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության համագործակցության շրջանակներում մեր բուհի ապահովագրական գործ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներն անցնող կիսամյակում, դասաժամերի ավարտից հետո վարպետության դասեր են անցել «Ինգո Արմենիայում»: Այսօր վերջին դասն էր, որի ավարտից հետո ուսանողները ստացան հավաստագրեր: Հավաստագրերի հանձնմանը ներկա էին ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի դեկանի ժ/պ Վահե Միքայելյանը, բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչի ժ/պ Աննա Ասլանյանը,  «Ինգո Արմենիա» ընկերության գործադիր տնօրենի առաջին տեղակալ Արևշատ Մելիքսեթյանը:

Շնորհավորելով ուսանողներին դասընթացները հաջողությամբ ավարտելու առիթով՝ Աննա Ասլանյանը նշեց, որ համագործակցության շրջանակներում առաջին անգամ մեր ուսանողների համար կազմակերպվեցին վարպետության դասընթացներ: Ամբիոնի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ դասընթացների շնորհիվ ուսանողները ծանոթացել են աշխատաշուկայի պահանջներին, զարգացրել են գիտելիքները և վաղը կնպաստեն ոլորտի զարգացմանը: Վահե Միքայելյանը, իր  հերթին, շնորհակալություն հայտնեց «Ինգո Արմենիային» արդյունավետ համագործակցության համար և շնորհավորեց ուսանողներին:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Արևշատ Մելիքսեթյանը կարծիք հայտնեց՝ հավաստագրերը գործատուի կողմից կդիտվեն որպես առավելություն:

«Նշեմ, որ այս կուրսում շատ ուսանողներ աչքի ընկան գիտելիքներով, սովորելու, հմտանալու ցանկությամբ, և եթե հնարավոր լիներ, բոլորին կվերցնեինք աշխատանքի: Ի դեպ, մեր ընկերությունը ուսանողներին կառաջարկի նաև ամառային պրակտիկա, որը հնարավորություն է ընձեռում մեզ մոտ աշխատանքի անցնելու: Կարևոր է, որ ուսանող-գործատու կապը, անմիջական շփումն ստեղծվում է հենց ուսումնառության տարիներից»,-ասաց ընկերության գործադիր տնօրենի առաջին տեղակալը:

Ուսանողուհի Տաթևիկ Սարգսյանը կարևոր ձեռքբերում է համարում վարպետության դասընթացների մասնակցությունն ու  հավաստագիրը.  «Բոլոր դասախոսներից գոհ ենք, դասընթացները մեզ տվեցին գործնական գիտելիքներ, ոլորտի աշխատանքին ծանոթացանք, այսպես ասած, տեղում: Վստահ եմ, որ հավաստագրի շնորհիվ հեշտորեն մասնագիտական աշխատանք կգտնեմ»:

Կողմերը երկուստեք կարևորեցին համագործակցության շրջանակներում նմանատիպ միջոցառումների անցկացումը:

Նշենք, որ վարպետության դասեր ուսանողների հետ անց են կացրել «Ինգո Արմենիա» ընկերության աշխատակիցներ Լիլիթ Շմավոնյանը, Արևշատ Մելիքսեթյանը, Հայկ Հովհաննիսյանը, Հարություն Գևորգյանը, Ալվինա Բալբաբյանը, Իրինա Արությունովան:

Շնորհավորում ենք բոլոր ուսանողներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին