Քննարկվեցին ՀՀ ինովացիոն հիմնախնդիրները, մատնանշվեցին լուծման ուղիներ
Ներհամալսարանական գիտաուսումնական խմբերի վերջնափուլի երրորդ սեմինարն էր այսօր: ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ազդարարելով սեմինարի սկիզբը, նշեց, որ նախորդ երկուսի ընթացքը գոհացուցիչ էր, ու այսօրվա թեման միանգամայն համահունչ է արդի տնտեսական հիմնախնդիրներին: Ապա պրոռեկտորը խոսքը տրամադրեց «Ազգային ինովացիոն համակարգ» գիտաուսումնական խմբի ղեկավար, տ. գ.թ., դոցենտ Ատոմ Մարգարյանին: Վերջինս ներկայացրեց «Ազգային ինովացիոն համակարգի ձևավորումը որպես տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություն» հետազոտական թեմայի շրջանակներում իրենց գիտաուսումնական խմբի կատարած աշխատանքը, խմբի անդամների մասնակցությունը գիտաժողովներին, սեմինարներին, քննարկումներին և շնորհանդեսներին, անդրադարձավ այն էլեկտրոնային ռեսուրսին, որ այսօր ներկայացնում է խմբի կայքէջը՝ հետազոտողների համար ծառայելով որպես տվյալ թեմայի համար գիտական-հետազոտական աղբյուր:
Տնտեսագիտության տեսության ամբիոնի հայցորդ Սիփան Ավետիսյանն իր զեկուցմամբ անդրադարձավ ՀՀ-ում ինովացիոն համակարգերի ձևավորման և զարգացման գործում միջազգային փորձի տեղայնացման հիմնախնդիրներին՝ ներկայացնելով Իռլանդիայի, Էստոնիայի, Իսրայելի օրինակները, որոնք Հայաստանի պես մեկնարկային նույն դիրքում են գտնվել և 20-25 տարում գրանցել են ինովացիոն նպատակաուղղված զարգացում:
Մակրոէկոնոմիկայի ամբիոնի մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտության մագիստրանտ Անի Հունանյանն անդրադարձավ ՀՀ գիտելիքահենք տնտեսության բազմազանեցման հիմնախնդիրներին, այդ թվում՝ խոչընդոտող հանգամանքներին՝ ներկայացնելով ուսումնասիրության ծավալուն բազա:
Տնտեսագիտության տեսության ամբիոնի ասպիրանտ Տաթև Խաչատուրյանը նորաստեղծությունների ինստիտուցիոնալ համակարգի զարգացման հիմնախնդիրների տեսության և մեթոդաբանական հարցերը քննարկեց ակադեմիական սեկտորի և բիզնես սեկտորի միջև:
Մակրոէկոնոմիկայի ամբիոնի մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտության մագիստրանտ Անի Ավետիսյանն իր զեկուցմամբ անդրադարձավ ՀՀ բարձրտեխնոլոգիատար ոլորտի արտաքին հատվածին՝ արտադրանքի արտահանման և ներմուծման հիմնախնդիրներին:
Մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Ծովինար Կարապետյանի զեկուցումը նվիրված էր վենչուրային բիզնեսի ֆինանսավորման հիմնախնդիրներին: Իր ելույթի սկզբում նա հատկանշեց, որ գիտաուսումնական իրենց խմբում մեկ տարվա ընթացքում իշխել է իսկապես ինովացիոն մթնոլորտ, որտեղ հաճելի ու արդյունավետ է եղել աշխատելն ու ստեղծագործելը, շնորհակալություն հայտնեց խմբի ղեկավարին և գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտորին:
Ելույթներից հետո հնչեցին հարցեր, ծավալվեց քննարկում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին