Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացավ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և ՀՀ պետական կառավարման ակադեմիան 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացան: Այսօր կայացած նիստում նման որոշում է կայացրել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովը:
Ինչպես տեղեկանում ենք ՈԱԱԿ-ից, ինստիտուցիոնալ հավատարմագրումը պետության կողմից ուսումնական հաստատության կրթական և որակի ապահովման գործընթացների, մասնագիտությունների կրթական ծրագրերի պետական կրթական չափորոշիչներին և ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշներին համապատասխանության ճանաչումն է: Այն պարբերաբար իրականացվող պարտադիր գործընթաց է մասնագիտական ուսումնական բոլոր հաստատությունների համար:
Նիստին ՀՊՏՀ-ից մասնակցել են ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ուսումամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Մարգարիտ Մարուքյանը:
Ռեկտոր Կորյուն Աթոյանը, անդրադառնալով ուրախալի փաստին, մեզ հետ զրույցում նշեց, որ Տնտեսագիտական համալսարանը, ինչպես հայաստանյան մի շարք բուհեր, հավատարմագրման գործընթացում անընդհատական քայլեր է ձեռնարկում` բարելավվելու կրթական հաստատության կողմից մատուցվող ծառայությունների որակը, փորձելով համապատասխանել սահմանված չափանիշներին: «Սա մեծ գործընթաց է, որի իրականացմանը ներգրավված են մեր համալսարանի բոլոր` թե ուսումնական, թե վարչական ստորաբաժանումները: Ուրախալի է, որ մենք արդեն ունենք առաջին արդյունքները»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց համալսարանի ռեկտորը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին