«Ուսանողական գարուն-2015»-ը շարունակվում է. «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» խաղում ամենաինտելեկտուալը հաշվապահներն են
ՀՊՏՀ ՈւԽ նախաձեռնությամբ անցկացվող «Ուսանողական գարուն-2015» փառատոնի շրջանակներում ընթանում են միջֆակուլտետային մարզական և ինտելեկտուալ խաղերը:
Երեկ կայացել է «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ-մրցույթը, որին մասնակցել են համալսարանի բոլոր ֆակուլտետների թիմերը (6 թիմ): Խաղն անցկացվել է 3 փուլով և արձանագրվել են հետևյալ արդյունքները. 1-ին տեղը նվաճել է հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերում են ֆինանսական և կառավարման ֆակուլտետները: Մրցանակակիրները պարգևատրվել են պատվոգրերով, 1-ին տեղը զբաղեցրած թիմը՝ խորհրդանշական գավաթով:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» խաղի վարող, մեր բուհի ասպիրանտ, գիտակների թիմի ավագ Հարություն Արզումանյանը նշեց, որ այս խաղում, ի տարբերություն նախորդների, մրցակցությունն այնքան էլ մեծ չէր, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի թիմը հաղթեց մեծ առավելությամբ: Խաղավարը կարծիք հայտնեց, որ այս անգամ հնչած հարցերը ավելի հեշտ էին:
«Ուրախալի է նշել, որ խաղի մասնակիցները հիմնականում 2-րդ, 3-րդ կուրսեցիներ են, և կան աչքի ընկնող ուսանողներ, որոնք կարող են համալրել բուհի գիտակների թիմը»,-ասաց Հարություն Արզումանյանը՝ հավելելով, որ մեր գիտակների հավաքականը պատրաստվում է ամռանը մասնակցել միջբուհական առաջնության:
Նշենք, որ փառատոնի շրջանակներում ՈւԽ ուսումնագիտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մայիսի 18-ին և 19-ին կայացել են նաև բանավեճեր, որի վերջնարդյունքը հայտնի կդառնա առաջիկա շաբաթվա ընթացքում: Փառատոնի շրջանակներում այժմ ընթանում է նաև բասկետբոլի առաջնությունը, որը կամփոփվի այս շաբաթ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին