Օրվա հերոսները ավարտական կուրսերի ուսանողներն են. շարունակվում են ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները

Դիտումների քանակ՝ 1539

Առկա  բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ամփոփիչ ատեստավորման գործընթացը ՀՊՏՀ -ում շարունակվում  է: Այսօր ավարտական աշխատանքներ են պաշտպանում միջազգային տնտեսական հարաբերություններ, տնտեսագիտության տեսություն մասնագիտությունների չորրորդ կուրսերի և աուդիտ մասնագիտացման մագիստրատուրայի երկրորդ կուրսերի ուսանողները:

Միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահը ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանն է, տնտեսագիտության տեսություն  մասնագիտության ամփոփիչ  ատեստավորման հանձնաժողովի նախագահը՝ ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնտեսագիտության տեսության և տնտեսագիտական մտքի պատմության բաժնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Ռոբերտ Սարինյանը, աուդիտ մասնագիտացմանը՝ «ԱՎԱ –Աուդիտ փարթներս» ՍՊԸ հիմնադիր աուդիտոր, որակավորված աուդիտոր Արայիկ Սիրեկանյանը:

Ավարտական աշխատանքների պաշտպանության ավարտից հետո ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ Վարդան Արամյանը նշեց, որ, ընդհանուր առմամբ, գոհ է ուսանողների աշխատանքներից, սակայն կան թերացումներ, որոնք պետք է շտկվեն: Որպես հիմնական թերացումներ` հանձնաժողովի նախագահը նշեց ուսանողների վերլուծական կարողությունների ոչ բավարար մակարդակը, շատ դեպքերում՝ ասելիքը հստակ  հիմնավորելու  անկարողությունը, գործնական գիտելիքների պակասը, հիմնական ասելիքը որոշակի ժամանակահատվածում ներկայացնել  չկարողանալը:

«Կարծում եմ, որ նախքան ավարտական աշխատանքների պաշտպանությունը ուսանողը պետք է մասնակցի իր աշխատանքի թեմայի վերաբերյալ  քննարկումների, բանավեճերի, որպեսզի բացի տեսական նյութից, ունենա նաև վերլուծելու կարողություն, հանձնաժողովի հարցադրումներին ի պատասխան՝ հիմնավորումներ»,-ընդգծեց   ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը՝ հավելելով, որ ինքը բարձր գնահատականի է արժանացնում հենց այն ուսանողներին, ովքեր պաշտպանության ընթացքում ներկայացնում են սեփական վերլուծությունները՝ հիմնավորումներով:

Աուդիտ մասնագիտացման ուսանողուհի Արմինե Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի աշխատանքից  գոհ է, հանձնաժողովի անդամների հարցադրումները տեղին էին, մագիստրոսական թեզի պաշտպանության ընթացքում լարվածություն չի զգացել, գիտելիքները ներկայացրել է անկաշկանդ:

Նշենք, որ երեկ կայացել են  հաշվապահական հաշվառում մասնագիտության (ըստ ճյուղերի) առկա բակալավրիատի և մագիստրատուրայի և մարքեթինգ մասնագիտության առկա  բակալավրատի ավարտական կուրսերի պաշտպանությունները:

Հիշեցնենք՝  առկա բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ամփոփիչ ատեստավորման գործընթացը կավարտվի մայիսի 27-ին, իսկ հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ամփոփիչ ատեստավորման գործընթացը կկազմակերպվի մայիսի 29-ից հունիսի 20-ը:

Բոլորին մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին