Երիտասարդների նորարարական մոտեցումները, հիմնավոր առաջարկներն ու արժեքավոր հետազոտությունները կարող են գործուն նշանակություն ունենալ. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ միջբուհական գիտաժողովում

Դիտումների քանակ՝ 1037

ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելեց Ծաղկաձորում երեկվանից մեկնարկած «Հայաստանի Հանրապետության տնտեսական համակարգը. նորարարություն, զարգացում, իրագործում» խորագրով «InHead» միջբուհական ուսանողական գիտաժողով, որը կազմակերպվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ: Գիտաժողովին ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ՀԵՀ նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ՀՊՏՀ և հայաստանյան այլ բուհերի ուսանողներ: Հիշեցնենք, որ միջբուհական գիտաժողովը նվիրված է համալսարանի հիմնադրման 85-ամյակին:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշեց, որ արդի աշխարհում երիտասարդության մտավոր և ֆիզիկական կարողությունների նպատակային կիրառումը պետության և հասարակության կայուն զարգացման կարևոր նախապայմաններից է: Այդ իսկ պատճառով Հայաստանի Հանրապետության կառավարությունը երիտասարդության՝ հասարակության մեջ ակտիվ ներգրավման և սոցիալական ապահովման հետ կապված խնդիրները հայտարարել է պետական սոցիալական քաղաքականության ռազմավարական ուղղություն: «Մենք մի շարք ծրագրեր ենք իրականացնում՝ ուղղված երիտասարդության զբաղվածության և սոցիալական խնդիրների լուծմանը: Մասնավորապես՝ հիպոթեքային համակարգից օգտվելու հնարավորությունների ընձեռումն այնպիսի ծրագրի միջոցով, ինչպիսին է երիտասարդ գիտնականներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիրը: Խթանման մեխանիզմներ են սահմանվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սկսնակ գործարարների համար: Սակայն խնդիրները բազմաբնույթ են, և դեռևս շատ անելիքներ ունենք: Վստահ եմ, որ երկրի տնտեսական վերելքին զուգահեռ մենք ի վիճակի կլինենք զգալիորեն բարելավել իրավիճակը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ այսօր մեր ամենալուրջ խնդիրներից մեկը զբաղվածության հարցն է: Վարչապետը համոզմունք  հայտնեց, որ գործազրկության մակարդակի նվազեցման եղանակներից մեկը մասնագիտական հմտությունների բարձրացումն է և երիտասարդության ներգրավումը ձեռնարկատիրական գործունեության մեջ: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ, գիտակցելով տնտեսության հետագա զարգացման համար նորարարության կարևորությունը, կառավարությունը որդեգրել է գիտելիքահեն տնտեսություն կառուցելու ուղին, որի նպատակով հստակ քայլեր են ձեռնարկվել, և արդյունքները արդեն իսկ տեսանելի են: «Այս համատեքստում, ուրախալի է, որ Հայաստանի տնտեսության առաջընթացի մասին մտածում են նաև երիտասարդները, ուսանողները, որոնց նորարարական մոտեցումները, հիմնավոր առաջարկներն ու արժեքավոր հետազոտությունները կարող են գործուն նշանակություն ունենալ տնտեսության զարգացման համար»,- նշեց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը նաև գովելի  համարեց, որ համաժողովի մասնակիցները մեծ ուշադրություն են հատկացնում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: Գիտաժողովն ունի հատուկ բաժին, որտեղ ներկայացվելու են «Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած նյութական կորուստները և դրանց փոխհատուցման հնարավորությունները» թեմայով զեկույցներ: Վարչապետի խոսքով, այս քայլը ոչ միայն վկայում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման և հիշատակի միջոցառումներին երիտասարդների մասնակցության մասին, այլև յուրօրինակ կոչ է համաշխարհային երիտասարդությանն անտարբեր չգտնվելու և նպաստելու նմանատիպ ոճրագործությունների կանխարգելմանը:
Այս գիտաժողովն անցկացվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հիմնադրման 85-ամյակի շրջանակում: «Այն Հայաստանի բուհական հաստատությունների շարքում իր առանձնահատուկ տեղն ու դերն ունի, և ես, որպես համալսարանի խորհրդի նախագահ, բուհի հաջողություններով հպարտանալու շատ առիթներ եմ ունենում»,- նշեց Հովիկ Աբրահամյանը և շնորհավորեց համալսարանի ողջ պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին հոբելյանի առթիվ, մաղթել նորանոր հաջողություններ և գիտական նվաճումներ:
Վարչապետն անդրադարձավ նաև տնտեսության զարգացման հեռանկարներին, այդ ուղղությամբ իրականացվող քայլերին: «Ես հուսով եմ և համոզված, որ այն ծրագրերը, որոնք կյանքի են կոչվում և ընթացքի մեջ են՝ 2015 թվականի երկրորդ կիսամյակից կտան իրենց

արդյունքները: Չնայած կան բազմաթիվ կանխատեսումներ, որ մենք ունենալու ենք տնտեսական անկում՝ հաշվի առնելով տարածաշրջանի լարվածությունը, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները և այն պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի նկատմամբ, սակայն ես համոզված եմ, որ մենք 2015 թվականին արձանագրելու ենք տնտեսական աճ»,- նշեց վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ոչ ոք չէր կարող ծրագրել, որ 2015 թվականին կարձանագրվի ռուսական ռուբլու արժեզրկում, ինչը նաև իր բացասական ազդեցությունն է ունենում Հայաստանի տնտեսության վրա: Չնայած դրան, Հովիկ Աբրահամյանն փաստեց, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ՀՀ-ում արձանագրվել է 1,8 տոկոսի տնտեսական աճ՝ նշելով, որ առաջին եռամսյակում դրական տեղաշարժն ակնհայտ կլինի: «Առաջիկա օրերին տվյալները կհրապարակվեն և կարծում եմ, որ մենք կունենանք 2,5-3 տոկոսի տնտեսական աճ, և ես համոզված եմ, որ մեր միասնական ուժերով 2015 թ. իրականացվող բոլոր ծրագրերն իրենց դրական արդյունքները կտան մեր տնտեսության զարգացման գործում»,-նշեց վարչապետը, հավելելով նաև, որ քննադատությունները, կանխատեսումները նաև զգոնություն են հաղորդում կառավարությանը: «Մենք դեռ շատ անելիքներ ունենք, և ես կարևորում եմ նաև երիտասարդության աջակցությունը»,- նշեց կառավարության ղեկավարը: 

Ելույթով հանդես եկավ նաև համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը՝ ընդգծելով, որ բուհի 85-ամյակին նվիրված «Հայաստանի Հանրապետության տնտեսական համակարգը. նորարարություն, զարգացում, իրագործում» խորագրով միջբուհական ուսանողական գիտաժողովն իր շուրջն է համախմբել հայաստանյան բուհերի ուսանողներին՝ հնարավորություն ընձեռելով շուրջ 3 օր քննարկելու տնտեսության տարբեր ասպեկտներին վերաբերող հարցեր:

«Ֆինանսական շուկայի զարգացման հիմնախնդիրներ, դրամավարկային քաղաքականության, ապահովագրական շուկայի, բանկային համակարգի  առանձնահատկություններ, ՀՀ տնտեսական զարգացման հեռանկարներ, նորարարություն, ինովացիա  և  4 տասնյակից ավելի թեմաներ, որոնք, հուսով եմ, կդառնան մեր ուսանողների քննարկման առարկան: Կարևոր է նաև, որ ուսանողները հատուկ ուշադրության են արժանացրել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը և գիտաժողովում հատուկ բաժին են առանձնացրել՝ դրանով
իրենց մասնակցությունը բերելով Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին»,- նշեց ռեկտոր Կորյուն Աթոյանը, ապա անդրադարձավ ՀՊՏՀ գիտահետազոտական գործունեությանը: Նշելով, որ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ստեղծումը համալսարանում գիտական, հետազոտական գործունեությունը նոր աստիճանի հասցնելու հավակնոտ քայլ է, համալսարանի ռեկտորը շեշտեց. «Այսօր արդեն կենտրոնը Հայաստանի Կառավարության ղեկավար, հարգարժան պարոն Աբրահամյանի հանձնարարությամբ հետազոտություններ է իրականացնում նախարարությունների համար: Թե՛ կենտրոնի, թե՛ համալսարանում ստեղծված գիտաուսումնական խմբերում, պրոֆեսորադասախոսական անձնակազմից բացի ներգրավված են մեծ թվով ուսանողներ, ովքեր նաև վարձատրվում են: Հուսով ենք, որ սա լավ խթան է բուհական գիտության զարգացման համար, իսկ ուսանողների համար նաև մեծ հնարավորություն՝ զարգացնելու հետազոտական կարողությունները:  Մենք այն համոզմանն ենք, որ տնտեսագետներ պատրաստող մայր բուհը պետք է կարողանա իր գիտական, հետազոտական աշխատանքներով օգտակար լինել Կառավարությանը, իր համեստ ներդրումն ունենալ երկրի տնտեսության զարգացման գործում: Իսկ այս գիտաժողովը ևս մեկ առիթ է, որ մեր ուսանողները փորձեն որպես հետազոտողներ նորարարական մոտեցումներ առաջարկել, ինչը կարող է հետաքրքրություն ներկայացնել»:

Կորյուն Աթոյանն անդրադարձավ նաև համալսարանի ուսանողական խորհրդի գործունեությանը՝ մատնանշեց նրանց հաջողությունները:

ՀՊՏՀ ռեկտորը  ներկաներին հայտնեց, որ ինքն օրերս  Սանկտ Պետերբուրգում մասնակցել է  Համալսարանների եվրասիական ասոցացիայի 13-րդ համագումարին և «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» 3-րդ միջազգային համաժողովին: Կորյուն Աթոյանի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության կայացման գործում մեծ անելիք ունեն համալսարանները՝ հատկապես տնտեսագետները, որոնք ոչ թե ուղղակի «պետք է գնան միության հետևից, այլ իրենք առաջնորդնեն այդ միության կայացումը՝ սեփական գիտական հետազոտություններով և արժեքավոր վերլուծություններով»:

Ելույթներից հետո ուսանողները ներկայացրեցին մի քանի զեկուցումներ՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած նյութական կորուստներին: Գիտաժողովի տվյալ հատվածը եզրափակվեց հարց ու պատասխանով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն` այստեղ