Անմնացորդ նվիրումով. Մարտին Ֆահրադյանը 70 տարեկան է

Դիտումների քանակ՝ 1797

Այսօր լրանում է ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի պրոֆեսոր Մարտին Ֆահրադյանի 70-ամյակը: Ամբիոնը իր սրտի խոսքն է հղել սիրելի գործընկերոջը՝ արժևորելով նրա անցած բեղմնավոր ուղին:

Ծննդյան հոբելյանը գեղեցիկ առիթ է անդրադառնալու տասնամյակներ շարունակ իր գործը պարտքով, պատասխանատվությամբ, անսահման սիրով, նվիրումով կատարող դասախոսի, գիտնականի դժվարին, սակայն հաղթանակներով և հաջողություններով լի ուղուն:

Մարտին Վարդանի Ֆահրադյանը ծնվել է 1945 թվականին Իրանի Միանդաբի շրջանի Թախիաբաթ գյուղում: 1946 թ. Ֆահրադյանների ընտանիքը տեղափոխվում է Խորհրդային Հայաստան՝ բնակություն հաստատելով Արտաշատի շրջանի Նորաշեն գյուղում: 1962 թ. ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Մ. Ֆահրադյանը գալիս է մայրաքաղաք, ընդունվում Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ` §Ֆինանսներ և վարկ¦ մասնագիտությամբ և ավարտում 1969 թ.:

1964-1967 թթ. ծառայում է Խորհրդային բանակում, 1969-1971 թթ. աշխատում է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի հաշվապահական հաշվառման ամբիոնում որպես ավագ լաբորանտ:

1971-1974 թթ. ընդունվում է վիճակագրության ամբիոնի գծով առկա ասպիրանտուրա և 1975 թ. պրոֆեսոր Ա. Յու. Բոյարսկու ղեկավարությամբ Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում հաջողությամբ պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը:

1975 թվականից Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում աշխա­տել է որպես դասախոս, 1978-ից` դոցենտ: 2011 թվականից առ այսօր զբաղեցնում է վիճակագրության ամբիոնի պրոֆեսորի պաշտոնը:




Նկարում՝ Մարտին Ֆահրադյանը՝  տասնամյակների համատեղ ու բեղմնավոր ճանապարհ անցած, ՀՊՏՀ կայացումն ու բարի անունը կերտած իր գործընկերների՝ Լենդրուշ Ղալումյանի ու Գրիգոր Տերտերյանի հետ:

1980-1987 թթ. եղել է ֆինանսահաշվային ֆակուլտետի դեկանի տեղակալ, իսկ 1991-2006 թթ.` ֆինանսահաշվային ֆակուլտետի դեկան, 2006-2007 թթ. ինֆորմա­տի­կայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան: Երիտասարդական ավյունով, նախաձեռնող խառնվածքով, կազմակերպչի անուրանալի ձիրքով նա հաստատում է անհրաժեշտ կարգապահություն՝ ապահովելով բարձր առաջադիմություն, ավելի նպատակասլաց և արդյունավետ դարձնում ֆակուլտետի գործունեությունը: Մ. Ֆահրադյանի նախկին  սաները այսօր էլ չեն մոռացել իրենց սիրելի դասախոսին, դեկանին, այն մարդուն ով թե՛ տխուր, թե՛ ուրախ պահերին մշտապես իրենց կողքին էր, օգնում և աջակցում էր, թևութիկունք դառնում:

Գիտամանկավարժական գործունեության տարիներին ավելի ընդգրկուն է դառնում գիտնական-դասախոսի ուսումնասիրությունների շրջանակը: Նա հրատարակել է շուրջ 68 գիտական աշխատանք, որից մեկ մեծածավալ մենագրություն` §Բնակչության կառուցվածքի և վեարտադրության տարածա­շրջանային հիմնախնդիրները ՀՀ-ում¦ վերնագրով, 495 էջ ծավալով, 2010 թ., 3 ուսումնական ձեռնարկ: Պրոֆեսոր Ֆահրադյանը ներկայումս էլ հետևողականորեն զբաղվում է բնակչության վիճակագրության հարցերով, մասնավորապես՝ ՀՀ բնակչության միգրացիայի արդի հիմնախնդիրներով: Նա երկար տարիներ եղել է Խորհրդային Միության բարձրագույն կրթության ժողովրդագրության գիտամեթոդական խորհրդի անդամ, Միջազգային վիճակագրական խորհրդի անդամ: Այժմ նա ՀՀ ԱՎԾ-ի գիտամեթոդական խորհրդի և ՀՀ հանրային խորհրդի ժողովրդագրության գծով անդամ է: Անուրանալի է ճանաչված գիտնականի ավանդն ու վաստակը մեր համալսարանի հիմնադրման, զարգացման և առաջընթացի գործում: Բարձր գնահատելով նրա գործունեությունը, բուհի ղեկավարության առաջարկությամբ նա պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի հուշամեդալով և բազմաթիվ պատվոգրերով:

Գիտական նոր կադրեր պատրաստելու, վիճակագրության ամբիոնը շնորհալի, խելացի կադրերով համալրելու և արժանի հերթափոխ պատրաստելու գործում անվանի գիտնականը մշտապես իր ավանդն է բերել: Նրա ղեկավարությամբ թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել 5 ասպիրանտ և հայցորդ: Գիտամանկավարժական հարուստ  գործունեության համար նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:

Ընտրած մասնագիտության նկատմամբ սերն այնքան մեծ է, որ Ֆահրադյանն այն փոխանցել է իր երեխաներին: Այս ընտանիքում կա 5 տնտեսագետ: Աղջիկը` Նաիրա Ֆահրադյանը և տղան` Կարեն Ֆահրադյանը պաշպանել են թեկնածուական ատենախոսությունը: Ինչպես նշում է Մ. Ֆահրադյանը. §Ես երջանիկ եմ, որ իմ կողքին է իմ  կյանքի հավատարիմ ընկերուհի` դասախոս Կիմա Գալստյանը¦:

Հետադարձ հայացք գցելով Մ. Ֆահրադյանի անցած բեղմնավոր ուղուն` վստահորեն կարող ենք արձանագրել, որ իր ապրած հետաքրքիր ու բովանդակալից կյանքը նա անմնացորդ նվիրել է հարազատ ժողովրդին ծառայելու, երկրի համար բազմակողմանիորեն զարգացած, տնտեսագիտական  խոր գիտելիքներով օժտված կադրեր պատրաստելու գործին:

Իր աշխատանքի լավագույն գնահատականը համարում է որպես մարդ  և քաղաքացի կյանքում իրենց տեղը գտած սաների շնորհակալությունն ու անսահման երախտագիտությունը: Լավ, նվիրված ընկեր է, հարգանք  ու հեղինակություն է վայելում հարազատների, բարեկամների և ընկերների շրջապատում:

Փաստենք, որ 70-ամյա վաստակաշատ գիտնական-դասախոսը` պրոֆեսոր Մարտին Ֆահրադյանը, այսօր էլ շարունակում է  չթուլացող եռանդով աշխատել և նոր ու գեղեցիկ էջեր ավելացնել իր կյանքի տարեգրությանը:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնը սրտանց շնորհավորում է սիրելի հոբելյարին իր պանծալի 70-ամյակի առթիվ, ցանկանում նրան երկար տարիների կյանք, քաջառողջություն, բեղմնավոր գործունեություն, իսկ մեզ` Մարտին Ֆահրադյանի հետ հնարավորինս երկար համատեղ գործունեություն իրականացնելու և կողք-կողքի  քայլելու հնարավորություն: Եվ վերջում ասում ենք՝ շնորհակալություն  Քեզ, սիրելի հոբելյար, որ Դու կաս, մեր կողքին ես:   

ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի կոլեկտիվ