ՀՊՏՀ-ում դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին

Դիտումների քանակ՝ 1445

Հայաստանի Հանրապետությունում  Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին այսօր ՀՊՏՀ-ում հանդես եկավ   «Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները» թեմայով դասախոսությամբ: Դեսպանի հետ մեր բուհում հյուրընկալվեցին նաև առաջին աստիճանի խորհրդական Ղոլամ Ռեզա Էբռահիմփուրը, առևտրային կցորդ Հմայակ Ավետիսյանը:  Հյուրերին դիմավորեցին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի  գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, իսկ նիստերի սրահում, որտեղ տեղի ունեցավ դասախոսությունը, ներկա էին պրոֆեսորադասախոսական  անձնակազմի անդամներ, վարչական ստորաբաժանումների աշխատակիցներ, ուսանողներ: Դասախոսությունը նախաձեռնել էր ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը, ով շնորհակալություն հայտնեց ԻԻՀ դեսպանին հրավերն ընդունելու և ՀՊՏՀ-ում հյուրընկալվելու համար՝ նշելով, որ բուհի համար մեծ պատիվ է դեսպանին հյուրընկալելը:

«Մեծ է Ձեր ներդրումը հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում: Հայաստանն ու Իրանը դարավոր բարեկամներ են, և այսօր մենք շարունակողն ու կրողն ենք այդ դարավոր բարեկամության: Երկրների առաջընթացի ու զարգացման գործում իրենց ուրույն տեղն ունեն կրթական հաստատությունների միջև զարգացող ամուր կապերը: ՀՊՏՀ-ն, որն ի դեպ, այս տարի նշելու է իր ստեղծման 85-ամյակը, արդեն չորրորդ տարին է՝ ինչ որդեգրել է «Մենք փոխվում ենք կարգախոսը» : Այս կարգախոսի ներքո աշխատանքներ են տարվում բուհի միջազգայնացման, հետազոտական ուղղության զարգացման, կրթության որակի բարելավման և հարմարավետ միջավայրի ստեղծման ուղղությամբ: Այժմ արդեն  զգալի են այն փոփոխությունները , որոնք իրականացվել են վերջին 4 տարիների ընթացքում»,- նշեց ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ անդրադառնալով համալսարանի վերջին տարիների ձեռքբերումներին: «2012 թ. ՀՊՏՀ-ն ՀՀ կրթության և գիտության նախարարությունից թույլտվություն է ստացել իրականացնել օտարերկրյա քաղաքացիների ընդունելություն: Արդեն 3-րդ տարին է, ինչ ՀՊՏՀ-ում ուսանում են օտարերկրյա քաղաքացիներ, և բուհի վարկանիշն աճում է Հայաստանի սահմաններից դուրս:  Ուրախ կլինենք մեր ուսանողների շարքում տեսնել նաև Իրանից ժամանած  ուսանողների»,- ասաց համալսարանի ղեկավարը՝ հույս հայտնելով, որ հանդիպումը հետաքրքրական կլինի  մեր ուսանողների և պրոֆեսորադասախոսական համակազմի համար, իսկ  համագործակցությունը բուհի հետ  կլինի շարունակական և արդյունավետ:

ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին իր դասախոսությունը սկսելիս նախ նշեց, որ ուրախ է գտնվել ՀՊՏՀ-ում, ապա անդրադարձավ հայ-իրանական հարաբերություններին: Մեծարգո դեսպանն անդրադարձավ երկու երկրների բարձր մակարդակի հարաբերություններին, հատկապես վերջին տարիների փոխադարձ այցելություններին, տնտեսական փոխգործակցությանը, երկու ժողովուրդների բարեկամական հարաբերություններին, մշակութային և կրթական առնչություններին:

Այնուհետև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին ներկայացրեց Իրանի տնտեսական դիրքը տարածաշրջանում, երկրի տնտեսական առանձնահատկությունները, վերջին տարիներին Իրանի արտահանման, ներմուծման ծավալները, օտարերկրյա ներդրումները: Անդրադառնալով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը՝ դեսպանը նշեց. «ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմաններում  Հայաստանի և Իրանի համար ստեղծվում են լայն հնարավորություններ, որոնք պետք է աշխատենք օգտագործել նպաստավոր կերպով»:

Դասախոսության ավարտից հետո հարցադրումներով հանդես եկան թե դասախոսները, թե ուսանողները՝ հետաքրքրվելով հայ-իրանական տնտեսական հեռանկարներով, Իրանում կատարվող օտարերկրյա ներդրումներով, Իրանի տնտեսության մասին վիճակագրական տվյալներով: Հարց հնչեցրեց նաև ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ հետաքրքրվելով, թե Հայաստանի տնտեսության որ ճյուղերի արտադրանքը կարող է հետաքրքրական և մրցունակ լինել իրանական շուկայում: Ի պատասխան առևտրային կցորդ Հմայակ Ավետիսյանը մատնանշեց գյուղատնտեսության, անասնաբուծության, նորագույն տեխնոլոգիաների, որոշ ավտոպահեստամասերի արտադրության ոլորտները: Դասախոսներից մեկն էլ դեսպանին առաջարկեց բաց դասի ձևաչափով հյուրընկալվել ՀՊՏՀ-ում, ինչին դեսպանը դրական արձագանքեց:

Հանդիպման ավարտին ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար և հույս հայտնեց, որ համալսարանի հետ ակտիվ շփումները կօգնեն համատեղ գտնել տնտեսական շատ խնդիրների լուծումներ: Ռեկտոր Կորյուն Աթոյանը ևս շնորհակալություն հայտնեց այցի համար, ապա ուսանողներին կոչ արեց ավելի լավ ուսումնասիրել Իրանի պատմությունը, մշակույթը՝ տեղյակ լինելու հայ-իրանական դարավոր բարեկամությանը: «Հուսով եմ այսօրվա մեր հանդիպումը ևս մեկ գույն ավելացրեց մեր դարավոր բարեկամությանը»,- ամփոփեց համալսարանի ռեկտորը:

Դասախոսությունից հետո ռեկտորն ու պրոռեկտորը հյուրերի հետ շրջեցին բուհում՝ ներկայացնելով վերջին տարիների բարեփոխումներն ու համալսարանի ձեռքբերումները:

Հանդիպման մյուս նկարներն՝ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին