Ինչպե՞ս մոտիվացնել դասախոսներին և բարձրացնել կրթության որակը. «Կրթության մոտիվացիա» խմբի 2-րդ հաշվետվությունը

Դիտումների քանակ՝ 2203

Ինչպե՞ս մոտիվացնել համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին,  ինչի վերջնարդյունքում կբարձրանա կրթության որակը: «Մոտիվացիայի բարձրացման հիմնախնդիրները բարձրագույն կրթության ոլորտում» թեման ուսումնասիրող «Կրթության մոտիվացիա» գիտաուսումնական խումբն այսօր հանդես եկավ 2-րդ միջանկյալ հաշվետվությամբ՝ ներկայացնելով նշված և մի շարք այլ հարցերի շուրջ իր կատարած աշխատանքի արդյունքները:

Հանդիպմանը ներկա էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, գիտաուսումնական այլ խմբերի ղեկավարներ ու ներկայացուցիչներ, ուսանողներ: Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, անդրադառնալով գիտաուսումնական խմբերի գործունեությանը, նշեց, որ նախորդ խմբերի 2-րդ հաշվետվությունների արդյունքները գոհացուցիչ են եղել, և ինքը հուսով է, որ աշխատանքների վերջնական արդյունքները կկողմնորոշեն գիտաուսումնական խմբերի հետագա գործունեության ընթացքը:

Խմբի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Մերի Բադալյանը համառոտ ներկայացրեց կատարված աշխատանքը, խմբի մասնակիցներից յուրաքանչյուրի ուսումնասիրության առարկան: Նրա խոսքով՝ ներկայում գործող խրախուսման համակարգերը պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար բավարար մոտիվացիա չեն առաջացնում, մինչդեռ աշխատակիցներին շահագրգռող մեխանիզմների արդյունավետ կառավարումն անխուսափելիորեն իր ազդեցությունը կունենա  կրթության որակի բարձրացման վրա:

Գիտաուսումնական խմբի անդամ, տ.գ.թ., դոցենտ Լիլիթ Դադայանը հանդես եկավ «ՀՊՏՀ-ում առկա մոտիվացիոն մթնոլորտը և դրա բարելավման ուղիները» թեմայով զեկուցմամբ՝ ներկայացնելով խմբի կողմից կազմակերպված ֆոկուս խմբի աշխատանքի և խորացված հարցազրույցների արդյունքները, տ.գ.թ., դոցենտ Մարինե Նիկողոսյանը ներկայացրեց «ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական գործունեության մոտիվների վերլուծությունը» զեկուցումը՝ անդրադառնալով սոցիոլոգիական հետազոտության արդյունքներին, իսկ խմբի մյուս անդամները՝ մագիստրանտներ Լուսինե Հովհաննիսյանը, Ասյա Պետրոսյանը և Անի Հովհաննիսյանը հանդես եկան «Երիտասարդ դասախոսների մոտիվացիայի առանձնահատկությունները ՀՊՏՀ-ում» զեկուցմամբ՝ անդրադառնալով մեր բուհի երիտասարդ դասախոսների մոտիվացիոն հիմնախնդիրներին:

Ծավալվեց աշխույժ քննարկում, հնչեցին տեսակետներ և առաջարկներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին