Խորհրդատվություն ուսանողներին՝ Education USA Հայաստան-ի կողմից

Դիտումների քանակ՝ 1338

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի արտաքին կապերի հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր ուսանողների հյուրն էր Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ ACTR/ACCELS հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ,  Education USA Հայաստան կրթական խորհրդատվական կենտրոնի  խորհրդատու Շուշաննա Աբովյանը: Բաց դասի կամ շնորհանդեսի ձևաչափում նա ներկայացրեց ԱՄՆ-ում բարձրագույն կրթության հնարավորությունները:

«Մենք պատրաստ ենք ուսանողներին մանրամասն տեղեկատվություն և խորհրդատվություն տալ ԱՄՆ բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի, հետբուհական կրթության համար դիմելու, ընդունվելու ընթացակարգի վերաբերյալ: Մեզ հետ բերել ենք օժանդակ նյութեր՝ գրքեր, ամսագրեր, ստանդարտացված թեստերի նմուշներ, ծալազդեր և պատրաստ ենք պատասխանել նրանց հարցերին»,- մինչ միջոցառումը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց  Շուշաննա Աբովյանը՝ ավելացնելով, որ իր գործունեության ընթացքում իրենց գրասենյակը իրականացրել է ԱՄՆ կառավարության կողմից հովանավորվող տասնյակ ծրագրեր, այդ թվում՝ կրթական դասընթացներ, որոնք պարբերաբար վարում են ամերիկյան տարբեր բուհերի պաշտոնական ներկայացուցիչները:

Միջոցառմանը մասնակցում էին բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ, նրանք ստացան իրենց հետաքրքրող հարցերի սպառիչ պատասխանները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին