Բաց դռների օր՝ տնտեսագիտական մայր բուհում. հյուրերը հայաստանյան 10 դպրոցների ներկայացուցիչներն էին (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1472

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դպրոցների, քոլեջների  հետ համագործակցության ծրագրի  շրջանակներում այսօր բուհում կազմակերպվել էր բաց դռների օր: Երևանի և մարզերի 10 դպրոցների  մի խումբ աշակերտներ՝ տնօրենների և ուսուցիչների  ուղեկցությամբ այսօր հյուրընկալվել էին տնտեսագիտական մայր բուհում: Բուհի մեծ դահլիճում  կայացավ հանդիպում՝ հյուրերի և ՀՊՏՀ պրոռեկտորներ Գագիկ Վարդանյանի, Միհրդատ Հարությունյանի, դեկանների, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների, ուսանողների  միջև:

Նշենք, որ նշված համագործակցության ծրագրի համակարգողն է ՀՊՏՀ լեզուների ամբիոնի դասախոս Լուսինե Կարագուլյանը, ով միջոցառման  նախաձեռնողն էր:

Ողջույնի խոսքում  գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը  նշեց, որ  այսօր համալսարանական կրթությունը մեծ հնարավորություններ է բացում երիտասարդների առջև: Պրոռեկտորն անդրադարձավ բուհում գիտահետազոտական կյանքին, հնարավորություններին՝ ընդգծելով, որ ՀՊՏՀ-ն, առանձնանալով հայաստանյան բուհերի շարքում, գիտահետազոտական աշխատանքներում վճարովի հիմունքներով ներգրավում է նաև ուսանողներին: Անդրադառնալով տնտեսագետի մասնագիտությանը՝ Գագիկ Վարդանյանը նշեց. «Այն դժվար, բայց և ինքնադրսևորման և ինքնաիրացման համար լավ ճանապարհ է»:

Հաջորդիվ ելույթ ունեցավ ուսումնակազմակերպական հարցերի գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը՝ ներկայացնելով բուհի ուսումական գործընթացը, ֆակուլտետները, ուսանողական առօրյան, զեղչերի, անվանական կրթաթոշակների և այլնի վերաբերյալ  մանրամասներ: Պրեռեկտորը պատասխանեց նաև  աշակերտներին հուզող  հարցերին: Երևանի Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի փոխտնօրեն Նորա Մարգարյանը հետաքրքրվեց, թե ինչ միջոցառումներ են կազմակերպվում՝  ուսանողների առօրյան փոխլրացնելու  և հիշարժան դարձնելու համար: Հարցին ի պատասխան՝ ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը ներկայացրեց ՈւԽ տարբեր հանձնաժողովների կողմից նախաձեռնվող միջոցառումները:

Հանդիպման երկրորդ մասը  բուհի նիստերի սրահում էր՝ քննարկում  դպրոցների տնօրենների, փոխտնօրենների, ուսուցիչների  և ՀՊՏՀ պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանի, Լուսինե Կարագուլյանի, պրոֆեսորադասախոսական կազմի, ՈւԽ ներկայացուցիչների միջև: Քննարկվեցին փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Աշակերտները բուհի դեկանների, աշխատակիցների և ուսանողների  ուղեկցությամբ շրջայց կատարեցին բուհում, եղան տարբեր ֆակուլտետներում, համակարգչային լսարաններում, բակում, ծանոթացան ուսանողական առօրյային:

Մեզ հետ զրույցում Երևանի  Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 ավագ դպրոցի աշակերտուհի Նարինե Հակոբյանը նշեց, որ պատրաստվում է կրթությունը շարունակել ՀՊՏՀ-ում, ստանալ որակյալ կրթություն և դառնալ տնտեսական ոլորտի խոշոր ներկայացուցիչ: Նույն դպրոցի սան Մերի Օհանյանն էլ հավելեց՝ համոզված է՝ հենց Տնտեսագիտական համալսարանում կարող է ստանալ բարձրորակ կրթություն և վաղը իր նպաստը բերել մեր երկրի տնտեսության զարգացման գործին:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց   Լուսինե Կարագուլյանը, որ այս ուսումնական տարվա ընթացքում ՀՊՏՀ ներկայացուցիչները եղել են այսօր մեր բուհում հյուրընկալված բոլոր դպրոցներում, ինչպես նաև՝ մեր բուհի կողմից նյութական աջակցություն է տրվել նշված դպրոցների  անապահով  սաների ընտանիքներին: Ծրագրի համակարգողի խոսքով՝ համագործակցությունը շարունակական է:

Այսօր մեր բուհում հյուրընկալվել էին Արմավիրի թիվ 1, Վաղարշապատի թիվ 10, Երևանի թիվ 42, 119, 139, 105, 54, 170, 36  և Պռոշյանի դպրոցների  ներկայացուցիչները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին