ՀՊՏՀ-ականները նվաճել են բրոնզե մեդալ. կայացել է ուսանողների 16-րդ հանրապետական մարզական խաղերի հանդիսավոր բացումը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1192

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մասնակցությամբ երեկ տեղի է ունեցել Հայաստանի բուհերի ուսանողների 16-րդ հանրապետական մարզական խաղերի  հանդիսավոր բացումը և շախմատի առաջնության հաղթողների պարգևատրումը: Նշենք, որ 16-րդ մարզական խաղերը մեկնարկել են մարտի 14-ին՝ շախմատի առաջնությամբ: Առաջնությունը ամփոփվել է երեկ, հաղթած շախմատիստ-մարզիկներին պարգևատրել է ԿԳ նախարարը: Թիմային պայքարում ՀՊՏՀ շախմատի տղաների  թիմը զբաղեցրել է 3-րդ մրցանակային  տեղը, արժանացել բրոնզե մեդալների և պատվոգրերի:

Անհատական պայքարում 3-րդ տեղը նվաճել է ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Էդուարդ Մկրտչյանը, ով 9 հնարավոր միավորից  վաստակել է 7-ը: Մեր աղջիկները թիմային պայքարում զբաղեցրել են 4-րդ հորիզոնականը:

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս, շախմատի մարզիչ Լյուդմիլա Հովհաննիսյանը նշեց, որ թե' տղաների, թե' աղջիկների խաղը գոհացուցիչ էր:

«Լարված պայքարում ՀՊՏՀ տղաների թիմը կարողացավ զբաղեցնել 3-րդ մրցանակային տեղը, ինչը ուժեղ մրցակիցների դեպքում  լավ արդյունք է: Մեր մասնակցությունը շախմատի առաջնությանը համարում եմ հաջող, առաջիկա մրցումներում կփորձենք է'լ ավելի լավ արդյունքներ  արձանագրել»,-ասաց մարզիչը՝ հավելելով, որ դասերից հետո մշտապես անց են կացվում շախմատի պարապմունքներ, ինչn ապահովում է մեր  ուսանողների լավ մարզավիճակը:

3-րդ տեղը նվաճած ՀՊՏՀ շախմատի տղաների թիմի կազմն է՝ Մինաս Կապուկչյան, Սերոբ Ղազարյան, Արտյոմ Սուքիասյան, Էդուարդ Մկրտչյան:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեսախցիկն ակնթարթներ է արձանագրել 16-րդ հանրապետական մարզական խաղերի  հանդիսավոր բացման և ՀՊՏՀ շախմատիստ-մարզիկների պարգևատրման արարողությունից:

Առաջիկայում, մարզական խաղերի շրջանակներում  կկայանան առաջնություններ, այլ մարզաձևերից, մեր մարզիկներին մաղթում ենք հաջող մասնակցություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին