Հանդիպում ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ. հյուրերը ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղից էին
ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն այսօր իր աշխատասենյակում հյուրընկալեց համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի մի խումբ ուսանողների, մասնաճյուղ հրավիրված դասախոս Բրայան Սալիբային՝ մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, լեզուների ամբիոնի վարիչ Սուսաննա Չալաբյանը, ՈՒԽ նախագահ Սերգեյ Խառատյանը:
«Ուրախ եմ մայր բուհում նման հանդիպում ունենալու համար: Սա այս ձևաչափով առաջին հանդիպումն է, երբ մեզ մոտ հյուրընկալվում են Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողներն ու դասախոսները»,- ասաց համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ հետաքրքրվելով անգլիացի դասախոսի այցի նպատակով, համագործակցության
հնարավորություններով: Բրայան Սալիբան շնորհակալություն հայտնեց ռեկտորին ընդունելության համար, ապա ներկայացրեց, որ ինքը Հայաստան է գործուղվել 2 տարով, առավելապես հետաքրքրված է մասնաճյուղում գիտահետազոտական աշխատանք կատարելու հնարավորությամբ և հուսով է, որ երկուստեք
համագործակցությունն արդյունավետ կլինի: Ռեկտոր Կորյուն Աթոյանը առաջարկեց հստակեցնել համագործակցության հնարավորությունները, ներկայացնել առաջարկներ, ապա պատրաստակամություն հայտնեց աջակցելու ցանկացած նախաձեռնության:
Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը նշեց, որ Բրայան Սալիբան Հայաստանում է ամերիկյան միջպետական ծրագրի շրջանակներում, այս պահին քննարկվում է մասնաճյուղում հետազոտական խումբ ձևավորելու հարցը. նախատեսվում է հետազոտություն անցկացնել զբոսաշրջություն-կրթություն-տարածքային զարգացում թեմայի շուրջ:
Ռեկտոր Կորյուն Աթոյանը դիմեց ուսանողներին՝ հետաքրքրվելով նրանց հուզող խնդիրներով: Ուսանողները նախ շնորհակալություն հայտնեցին բուհի ղեկավարությանը՝ աջակցության համար, ապա առաջարկեցին մայր բուհի դասախոսների այցեր կազմակերպել մասնաճյուղ՝ բաց դասեր անցկացնելու համար, շեշտեցին էլեկտրոնային գրադարանի հասանելության խնդրի մասին: Համալսարանի ղեկավարը խոստացավ լուծել ուսանողներին հուզող հիմնախնդիրները:
Նշենք, որ մասնաճյուղում դասախոսության հրավիրված Բրայան Սալիբան այսօր ժամը 14.00-ին դասախոսությամբ հանդես կգա մայր բուհում՝ նորաստեղծ անգլախոսների ակումբում (հանդիպումը կկայանա ՀՊՏՀ նիստերի սրահում): Նախաձեռնությունը համալսարանի լեզուների ամբիոնի վարիչ Սուսաննա Չալաբյանինն է:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին