Արցախի պետական համալսարանի ռեկտորը շնորհակալական նամակ է ուղարկել ՀՊՏՀ ռեկտորին

Դիտումների քանակ՝ 1796

Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհակալական նամակ է հասցեագրել ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանին և ՀՊՏՀ դասախոսներին՝ Արցախի պետական համալսարանի ուսանողներին ջերմ ընդունելություն և համապատասխան մասնագետների  կողմից աջակցություն ցուցաբերելու համար:

«Արցախի պետական համալսարանի ղեկավարությունը մեծապես կարևորում է ակտիվ համագործակցությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ և լիահույս է, որ առաջիկայում ևս հնարավորություն կունենանք կյանքի կոչելու համագործակցային պայմանագրով նախատեսված միջոցառումները»,- մասնավորապես գրել է ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը:

Հիշեցնենք, որ երկու համալսարանների միջև կնքված համագործակցության հուշագիրը իսկապես ծանրակշիռ քայլ է դարձել՝ սերտացնելով փոխգործակցությունը գործունեության տարբեր ոլորտներում: Ուսանողների և աշխատակիցների փոխայցելությունները, խորհրդատվությունները, արտագնա դասախոսությունները, այս ամռանը Արցախում կազմակերպված աշխատաժողովը դրականորեն ամրապնդում են բուհերի համատեղ աշխատանքը և բացում նոր հեռանկարներ:

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը ուրախությամբ է արձագանքում իր գործընկերոջ նամակին և նշում, որ երկու համալսարանները մեծ ներուժ ունեն և կարող են համագործակցաբար երկուստեք լավ արդյունքներ ունենալ: «Մենք իսկապես ուրախ ենք, որ մեր համատեղ աշխատանքը արդյունքներ է տալիս, ավելին՝ դա ոգևորում է և խթանում նոր եռանդով առաջ շարժվել և իրագործել այն բոլոր նպատակներն ու նախաձեռնությունները, որոնք առկա են փոխգործակցության մեր օրակարգում»,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ասաց ռեկտոր Կորյուն Աթոյանը:

Այս թեմայով մեր վերջին շրջանի հրապարակումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ goo.gl/eVbkrq, https://goo.gl/7sghK7, https://goo.gl/P4RHTD, https://goo.gl/xbqeiq, https://goo.gl/DrrBbo:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին