«Ամբերդում» ներկայացվեցին ՀՀ տարածքային զարգացման ընտրանքային հետազոտության արդյունքները
«ՀՀ տարածքային համաչափ զարգացման սոցիալ- տնտեսական հիմնախնդիրները» հետազոտական ծրագրի շրջանակներում «Ամբերդ» կենտրոնի խորհրդակցությունների սրահում այսօր կայացավ «ՀՀ տարածքային զարգացման ընտրանքային հետազոտության արդյունքների ներկայացում» խորագրով գիտական սեմինար:
Հետազոտական խմբի անդամ, տ.գ.թ., դոցենտ Դիանա Գալոյանը ներկայացրեց «ՀՀ տարածքային զարգացման հիմնախնդիրները բիզնես միջավայրի և գյուղացիական տնտեսությունների վարման պայմանների համատեքստում» թեմայով զեկուցում, որն արտահայտում էր խմբի կողմից մարզերում անցկացված սոցհարցումների արդյունքները: Ըստ այդմ՝ ցույց տրվեց մարզերում բիզնեսի զբաղվածությունը, բիզնեսով զբաղվելու տևողությունը, բիզնեսի ստեղծման դյուրինությունը, բիզնես սկսելու շինարարության արտոնագիր ստանալու, ինչպես նաև բիզնես վարկեր վերցնելու խոչընդոտները , ներդրումների պաշտպանվածության և շուկայի մենաշնորհացման փոխկապակցվածությունը, ՀՀ հարկային քաղաքականության թերությունները, բիզնեսի զարգացման կարևորագույն նախադրյալները, բիզնես միջավայրի գնահատականը վերջին 5-10 տարիների ընթացքում:
Հաջորդ բանախոսը տ.գ.թ., ասիստենտ Ժորա Սարգսյանն էր, ով հանդես եկավ «Մարզերում գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվածությունն՝ ըստ գործունեության առանձին ոլորտների» զեկուցմամբ: Կրկին ներկայացվեցին մարզերում կատարված սոցհարցումների արդյունքները. խոսվեց հողագործությամբ, անասնապահությամբ, լիարժեք զբաղվելուն խոչընդոտող հանգամանքների, գյուղացիական տնտեսությունները զարգացնելու նպատակով օգտագործվող ֆինանսական միջոցների, սուբսիդիաների բաշխման մեխանիզմների վերաբերյալ տեղեկացվածության և այլնի մասին:
«Տարածաշրջանային անհավասարություն և ապակենտրոնացում» թեմայով զեկուցում ներկայացրեց տ.գ.թ., դոցենտ Նարեկ Կեսոյանը՝ խոսելով ապակենտրոնացման մակարդակի հաշվարկի, տեղական բյուջեի եկամուտների և պետական բյուջեի եկամուտների հարաբերակցության, դոտացիա և տեղական բյուջեի եկամուտներ հարաբերակցության, առանձին համայնքին տրամադրվող դոտացիայի չափի որոշման մասին և այլն: Բանախոսը ներկայացրեց նաև առաջարկներ:
Տարածքային զարգացման համաթվին անդրադարձավ տ.գ.թ., դոցենտ Կարեն Հակոբյանը, ով ներկայացրեց ամփոփ համաթվի հաշվարկը, ապա վերլուծեց դրա ստացման մեխանիզմները:
Վերջում ելույթ ունեցավ տ.գ.դ., պրոֆեսոր Զոյա Թադևոսյանը, ով հետազոտական խմբի ղեկավարն է: Պրոֆեսորը ներկայացրեց ՀՀ տարածքային զարգացման մոդելը, մոդելի փուլերը՝ առաջարկների տեսքով, այնուհետև անդրադարձավ եզրակացություններին:
Ելույթների ավարտից հետո ծավալվեց քննարկում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին