«Ուսանողական աշուն-2014»-ի մարզական խաղերն ավարտվեցին. առաջատար է կառավարման ֆակուլտետը

Դիտումների քանակ՝ 1094

«Ուսանողական աշուն-2014» մարզամշակութային փառատոնի շրջանակներում անցկացվող մարզական խաղերն ավարտվել են նոյեմբերի 21-ին՝ բասկետբոլի և ֆուտզալի մրցումներով: Բասկետբոլի առաջնության արդյունքներն ուրբաթ երեկոյան հայտնի էին, ինչը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հրապարակել է (ծանոթացեք այստեղ՝ http://goo.gl/2crmj8 ): Ֆուտզալի առաջնությունն ավարտվել է հետևյալ արդյունքներով՝  առաջատար է ֆինանսական ֆակուլտետը, երկրորդ տեղում է կառավարման ֆակուլտետը, երրորդում՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը: Փառատոնի շրջանակներում անցկացված բոլոր մարզական խաղերից վաստակած միավորների հանրագումարով  առաջատար է կառավարման ֆակուլտետը՝ 12 միավորով, երկրորդ տեղում է  ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետը՝ 11 միավորով, երրորդ տեղում՝ ֆինանսական ֆակուլտետը՝ 9 միավորով:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնությա հետ կապերի բաժնի հետ զրույցում  ֆիզդաստիարակության,ԱԻ և ՔՊ ամբիոնի պրոֆեսոր, մարզական խաղերի մրցավարական կազմի անդամ  Լյովա Սամվելյանը,  ընդգծելով տարբեր մարզաձևերից մրցումների անցկացման կարևորությունը, նշեց, որ մրցումները նպաստում են սպորտի, առողջ ապրելակերպի մասսայականացմանը:

«Այս տարի մարզական խաղերի նկատմամբ առավել մեծ հետաքրքրություն կար, շատ ուսանողներ էին ընդգրկված, մասնակցում էր նաև ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը: Մրցումների շնորհիվ բացահայտվել են նոր մարզիկ-մարզուհիներ, որոնցից լավագույնները կհամալրեն մեր հավաքականները: Խաղերի ընթացքում արտառոց միջադեպ տեղի չի ունեցել, մարզական խաղերն անց են կացվել բարձր մակարդակով »,-ասաց նա:

«Ուսանողական աշուն-2014» մարզամշակութային փառատոնի շրջանակներում խաղեր են անցկացվել  5 մարզաձևերից.  շախմատ, սեղանի թենիս, վոլեյբոլ (տղաներ, աղջիկներ), բասկետբոլ (տղաներ), ֆուտզալ (տղաներ), բազկամարտ (տղաներ): Խաղերը մեկնարկել էին նոյեմբերի 10-ին՝ շախմատով, իսկ փառատոնի հանդիսավոր բացումը կայացել էր  նոյեմբերի 12-ին՝ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ «Ուսանողական աշուն-2014»-ը նվիրված է ՀՊՏՀ ՈւԽ 20-ամյակին: Փառատոնի մշակութային մասը շուտով կմեկնարկի.առաջիկայում կկայանան ինտելեկտուալ («Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ») և մշակութային մրցույթներ, որի արդյունքում կորոշվի  լավագույն ֆակուլտետը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին