«Աղքատության մակարդակի վրա տնտեսական աճի ազդեցության գնահատումը» խորագրով գիտական սեմինար «Ամբերդում»

Դիտումների քանակ՝ 1590

«ՀՀ տնտեսական զարգացման գերակայությունների գնահատում և կանխատեսում» հետազոտական ծրագրի շրջանակներում  այսօր տեղի ունեցավ գիտական սեմինար՝ «Աղքատության մակարդակի վրա տնտեսական աճի ազդեցության գնահատումը»  խորագրով:

Սեմինարի բանախոսն էր հետազոտական խմբի անդամ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ելենա Մանուկյանը: Վերջինս լուսապատկերի օգնությամբ խոսեց 2008-2012թթ. ՀՀ տնտեսական աճի, 2012թ. աղքատության մակարդակի՝ 2008թ. համեմատությամբ աճի մասին, ներկայացրեց տնտեսական աճի նկատմամբ աղքատության ճկունության   գործակցի գնահատումը, աճի նկատմամբ աղքատության կիսաճկունության գործակցի գնահատումը և այլն:

Սեմինարի 2-րդ հատվածում բանախոսն անդրադարձավ Հայաստանում գնաճի սոցիալական ազդեցությանը՝ ներկայացնելով ՀՀ տնտեսական զարգացման գերակայությունների գնահատումը և կանխատեսումը:

Ցույց տրվեց սպառողական գների դինամիկան 2010-2014թթ., պարենային ապրանքների գնաճի ցուցանիշները, Հայաստանում պարենային զամբյուղի էներգետիկ կառուցվածքը և այլ տվյալներ: Ելենա Մանուկյանը վերլուծեց նաև ՀՀ ԱՎԾ-ի կողմից հրապարակված՝ հետազոտական թեմային առնչվող  տվյալներ: «ՀՀ տնտեսական զարգացման գերակայությունների գնահատում և կանխատեսում» հետազոտական  խմբի ղեկավարն է ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսորԱշոտ Թավադյանը:

Ծրագրի վերջնական արդյունքները խումբը կներկայացնի տարեվերջին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին