ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնն ու «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը գործընկերներ են

Դիտումների քանակ՝ 1997

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը գործընկերներ են: Այսօր ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի խորհրդի նախագահ Կորյուն Աթոյանը և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը ՀՊՏՀ-ում ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ կարևորելով առկա մտավոր ներուժի համախմբումը, հետազոտական կենտրոնների միջև համագործակցության խորացումը, կիրառական հետազոտությունների իրականացումը, ռազմավարական ծրագրերի ու հայեցակարգերի մշակումը, վերլուծական ոլորտի կադրերի մասնագիտական կատարելագործումը, Հայաստանում և տարածաշրջանում տիրող իրավիճակի ու գործընթացների վերաբերյալ հասարակությանը և հատկապես երիտասարդությանը հավաստի գիտելիքներով իրազեկումը: Ստորագրման արարողությանը ներկա էր ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, «Ամբերդ» կենտրոնի գիտական ղեկավար Գագիկ Վարդանյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակազմը՝ տնօրեն Սամվել Ավետիսյանի գլխավորությամբ:

Համագործակցության հուշագիրը նախատեսում է համատեղ հետազոտությունների և ուսումնասիրությունների իրականացում, համատեղ գիտաժողովների, սեմինարների և կլոր սեղանների կազմակերպում, համատեղ ուսումնական ծրագրերի մշակում, մասնագետների, ինչպես նաև հրատարակությունների և հետազոտական նյութերի փոխանակում, համատեղ հրատարակությունների իրականացում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ծրագրերի մշակում և իրականացում:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հիմնադրամի տնօրենին ներկայացրեց բուհում կատարվող գիտահետազոտական աշխատանքները, «Ամբերդ» կենտրոնի տեսադաշտում գտնվող հետազոտական ուղղությունները՝ նշելով, որ մեր հաստատությունում բավական աշխուժացել է գիտահետազոտական կյանքը,  հետազոտությունների նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև ՀՀ Կառավարությունը: «Շատ ուրախալի է, որ մենք համագործակցություն ենք սկսում նաև Ձեզ հետ, սա նշանակում է, որ մենք ընդլայնում ենք մեր համագործակցության շրջանակը: Հուսով եմ «Նորավանք» հիմանդրամի հետ հնարավոր կլինի կիրառական նշանակության հետազոտություններ իրականացնել»,- ասաց ՀՊՏՀ ռեկտորը:

«Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն իր հերթին հույս հայտնեց, որ «Ամբերդի» հետ համագործակցությունը կփոխհարստացնի կողմերին, կհամատեղի ներուժն ու ջանքերը: Ինչ վերաբերում է հետազոտությունների կիրառական նշանակությանը, Գագիկ Հարությունյանը հավաստեց, որ իրենց կողմից ներկայացվող նախաձեռնություններն անպայման կունենան հստակ ձևակերպված պահանջարկ պետության կողմից:

Ռեկտոր Կորյուն Աթոյանն ու հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը քննարկեցին նաև աշխատանքային խմբեր ստեղծելու, հետագա աշխատանքները կազմակերպելու մասին հարցեր:

Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, «Ամբերդ» կենտրոնի գիտական ղեկավար Գագիկ Վարդանյանը նշեց, որ համագործակցության այս քայլը կհամատեղի երկու կառույցների ուժերը և ներուժը, որն, ըստ պրոռեկտորի, բավական մեծ է:

Նշենք, որ «Նորավանք» հիմնադրամը որպես գործընկեր ներկայացված է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Ամբերդ» կենտրոնի էջում: Կարող եք այցելել հետևյալ հղումով՝ http://www.asue.am/am/էջեր-220//գործընկերներ-1992:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին