Ամփոփվեց «Զարգացման ժամանակակից մարտահրավերներ» խորագրով ՀՊՏՀ 24-րդ գիտաժողովը

Դիտումների քանակ՝ 1235

Համալսարանի նիստերի դահլիճում այսօր ամփոփվեց  «Զարգացման ժամանակակից մարտահրավերներ» խորագրով ՀՊՏՀ 24-րդ գիտաժողովը: Նիստը ղեկավարում էր ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ներկա էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, ամբիոնների վարիչներ, ասպիրանտներ:

Բաժանմունքների հաշվետվությունները լսելու համար սկզբում խոսքը տրամադրվեց գիտաժողովի բաժանմունքների ղեկավարներին: «ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման գերակայությունները» բաժանմունքի ղեկավար, ՀՊՏՀ կառավարման ամբիոնի վարիչ, ԳԱԱ ակադեմիկոս, դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սուվարյանի խոսքը ներկայացրեց գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը՝ նշելով, թե քանի զեկուցում է ներկայացվել բաժանմունքում, ինչպես են անցել աշխատանքները:
Նրա խոսքով՝ այս բաժանմունքում հատկապես ակտիվ են եղել համալսարանի մասնաճյուղերի դասախոսներն ու ասպիրանտները: «Ֆինանսական շուկաներ և ենթակառուցվածքներ» բաժանմունքի ղեկավար, ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի վարիչի ժ/պ, դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանը նշեց, որ գիտաժողովի 3 օրերն էլ իրենց մոտ հագեցած են եղել, աշխատանքներն ուղեկցվել են ասպիրանտների և դասախոսների ակտիվ մասնակցությամբ: «Միջազգային տնտեսական համագործակցություն և կրթության որակի ապահովում» բաժանմունքի ղեկավար՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանն, անդրադառնալով իր ղեկավարած բաժանմունքի աշխատանքներին, նշեց, որ ներկայացվել են բազմաբնույթ զեկուցումներ, բաժանմունքի աշխատանքի առանձնահատկությունը մասնակիցների աշխարհագրությանն մեծությունն է եղել՝ մասնակիցներ են եղել տարբեր բուհերից:

«Կայուն զարգացման ապահովում» բաժանմունքի ղեկավար, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Մանուկ Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց բաժանմունքներից մեկի աշխատանքն իրենց ֆակուլտետում կազմակերպելու համար՝ նշելով, որ այդ փաստն ուրախացրել է ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմին: Զեկուցումները բնութագրեց կիրառական նշանակության լուրջ աշխատանքներ, ապա ավելացրեց, որ բաժանմունքի աշխատանքն ուղեկցվել է հետաքրքիր քննարկումներով:

Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը գիտաժողովը որակեց կայացած, շեշտադրեց զեկուցումների մեծ քանակը: Պրոռեկտորն անդրադարձավ նաև ներկաների մատնանշած հիմնախնդիրներին՝ շեշտելով, որ հետագայում պետք է մտածել գիտաժողովի անցկացման ձևաչափի կատարելագործման մասին, մշակել գիտաժողովների անցկացման հայեցակարգ:

Գիտաժողովի կազմակերպման ընթացակարգը բարելավելու մասին առաջարկներ հնչեցրեցին նաև ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Գևորգյանը:

Նիստն ամփոփեց ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը՝ շնորհակալություն հայտնելով հատկապես գիտաժողովին ակտիվ մասնակցություն ցուցաբերած մարդկանց: Համալսարանի ղեկավարը նշեց, որ չնայած նախորդ տարիների գիտաժողովների համամատ առաջընթաց կա, սակայն բոլորն են ցանկանում ավելի կատարելագործված տեսնել գիտաժողովների կազմակերպումը, ինչի վկայությունն, ըստ ռեկտորի, ներկաների հնչեցրած առաջարկներն են:

Կորյուն Աթոյանն ընդգծեց այն հանգամանքը, որ համալսարանում այսօր առկա է գիտահետազոտական որակյալ աշխատանքների կարևորության գիտակցումը, ինչը ողջունելի է, ապա ավելացրեց, որ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտական աշխատանքներն արժանացել են ՀՀ Կառավարության հետաքրքրությանը և որոշ գերատեսչությունների կողմից արդեն իսկ կան համագործակցության առաջարկներ: Համալսարանի ռեկտորը նշեց, որ հանրապետության տնտեսական ցանկացած իրադարձության, որոշման ՀՊՏՀ-ն՝ որպես մասնագիտացված տնտեսագիտական համալսարան, պետք է ունենա մասնագիտական մոտեցում, ձևավորի հեղինակավոր կարծիք՝ դրանով ստեղծելով պահանջարկ իր մասնագիտական վերծությունների նկատմամբ: «Մեզ համար սա շատ կարևոր է, և հետագա տարիներին ևս մենք պետք է աշխատենք այս ուղղությամբ»,- ասաց Կորյուն Աթոյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին լիագումար նիստով ՀՊՏՀ-ում բացվեց «Զարգացման ժամանակակից մարտահրավերներ» խորագրով համալսարանի 24-րդ գիտաժողովը: Եռօրյա գիտաժողովն ընթացավ 4 բաժանմունքներում՝ «ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման գերակայությունները», «Ֆինանսական շուկաներ և ենթակառուցվածքներ», «Միջազգային տնտեսական համագործակցություն և կրթության որակի ապահովում» և «Կայուն զարգացման ապահովում»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին