ՀՊՏՀ-ն ներկայացվել է Հարավռուսաստանյան 10-րդ հոբելյանական համաժողովում

Դիտումների քանակ՝ 1064

ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի ժ/պ, տ.գ.թ., դոցենտ Գրիգոր Նազարյանը ներկայացրել է մեր համալսարանը Ռոստովում հոկտեմբերի 10-11-ը կայացած Հարավռուսաստանյան 10-րդ հոբելյանական համաժողովում, որին մասնակցել են ռուսաստանյան առաջատար, ինչպես նաև Գերմանիայի, Չինաստանի, Բրազիլիայի, Ուկրաինայի բուհերի ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ն և Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանը գործընկեր բուհեր են և ունեն երկարամյա համագործակցության փորձ:

Ինչպես մեզ  տեղեկացրեց Գրիգոր Նազարյանը՝ համաժողովի ընթացքում անցկացվել է նաև միջազգային գիտապրակտիկ կոնֆերանս:  «Սա իմ 3-րդ մասնակցությունն էր համաժողովին, եղել եմ նաև ծրագրային կոմիտեի անդամ»,-նշեց ամբիոնի ղեկավարը:

Գրիգոր Նազարյանը գիտաժողովում հանդես է եկել «Հայաստանի և Ռուսաստանի լոգիստիկ ներուժի իրացման հիմնախնդիրները» զեկուցմամբ, որտեղ  անդրադարձել է լոգիստիկ արդյունավետության համաթվի տարրերին (6 բաղադրիչ)՝ համադրելով Հայաստանի և Ռուսաստանի ցուցանիշները, նաև՝ ԱՊՀ երկրների համանման ցուցանիշները:

«Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող զեկույցում 146 երկրների շարքում Հայաստանը լոգիստիկ արդյունավետության համաթվով զբաղեցնում է 92-րդ, Ռուսաստանը՝ 90-րդ տեղը: Հիմնախնդիրները թե' Հայաստանում, թե' Ռուսաստանում նույնն են, ուստի համատեղ աշխատանքի կարիք կա, հետաքրքրության շրջանակը մեծ է: Հենց այս հիմնախնդիրների շուրջ է ծավալվում զեկույցը»,-ասաց դոցենտը:

Գրիգոր Նազարյանի զեկույցը տպագրվել է վերոնշյալ գիտաժողովի նյութերի ժողովածուում, ակտիվ մասնակցության և կազմակերպչական աշխատանքների համար նա արժանացել է շնորհակալագրի:

Մեր գործընկերը նաև հայտնեց, որ Հարավռուսաստանյան 10-րդ հոբելյանական համաժողովին մասնակցել է նաև Ռուսաստանի հարավային դաշնային շրջանում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին