ՀՊՏՀ պրոֆեսոր Սիլվա Սահրադյանը մասնակցել է միջազգային գիտաժողովի

Դիտումների քանակ՝ 1226

Ապրանքագիտության և տեխնոլոգիայի  ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, տեխնիկական գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր Սիլվա Սահրադյանն օրերս վերադարձել է Լեհաստանի Կրակով քաղաքից: Սեպտեմբերի 15-19-ը Կրակովի տնտեսագիտական համալսարանում նա մասնակցել է «Ապրանքագիտությունը հետազոտական և գործնական արդի ձեռքբերումներում և ապագա մարտահրավերներում» 19-րդ միջազգային գիտաժողովին, որին ներկա են եղել Ճապոնիայի, Կորեայի, Գերմանիայի, Իտալիայի. Ռուսաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ավստրիայի պատվիրակները:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Սիլվա Սահրադյանը նշեց, որ 2014 թվականի հունվարին, գիտաժողովի նախապատրաստական շրջանում իր թեզիսը տպագրվել է «Ապրանքագիտությունը հետազոտական և գործնական արդի ձեռքբերումներում և ապագա մարտահրավերներում» գիտաժողովի թեզիսների ժողովածուում, այնուհետև հոդվածը՝ «Պարենային ապրանքագիտության ապագա միտումները և մարտահրավերները» հանդեսում, որից հետո գիտնականը ստացել է գիտաժողովի մասնակցության հրավեր:

Սեպտեմբերի 18-ին Սիլվա Սահրադյանը գիտաժողովին հանդես է եկել «Տարբեր հացահատիկների պահպանման ժամկետի երկարացումը ճառագայթային տեխնոլոգիայով» թեմայով զեկուցմամբ, որն արժանացել է ուշադրության ու հետաքրքրության: «Իմ թեման առանձնանում էր նրանով, որ հիմնված էր փորձարարական աշխատանքի վրա, մինչդեռ, զեկուցումների մեծ մասը տեսական բնույթ էին կրում»,-ասաց նա՝ ավելացնելով, որ գիտաժողովն ընթացել է հագեցած օրակարգով. զեկուցումներ-հարցուպատասխան-քննարկումներ ձևաչափով:

«Ինձ համար որպես գիտնականի՝ այս գիտաժողովը մեծ դեր կատարեց մասնագիտական տեղեկացվածության ընդլայնման իմաստով, այն տեսանելի դարձրեց ապրանքագիտության դերը մեր կյանքում, որը կոչված է պաշտպանել սպառողների անվտանգությունն ու շահերը: Ի դեպ՝ այս գիտաժողովն  առաջին անգամ կազմակերպվել է 1978 թվականին՝ Ավստրիայում, հաջորդը լինելու է Բուլղարիայում»,-նշեց Սիլվա Սահրադյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին