«Ամբերդ»-ում մեկնարկեցին գիտահետազոտական խմբերի սեմինարները
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում այսօր մեկնարկեց 2014 թվականի գիտահետազոտական թեմաների շրջանակներում անցկացվող սեմինարների շարքը: «ՀՀ տնտեսական աճի միտումները Մաքսային միությանն անդամակցելու պայմաններում» խորագրով գիտական սեմինարը կազմակերպվել էր «ՀՀ տնտեսության ոլորտային զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնախնդիրները Մաքսային միության անդամակցության պայմաններում» հետազոտական թեմայի շրջանակներում:
Սեմինարին ներկա էր «Ամբերդ» կենտրոնի աշխատակազմը՝ տնօրեն Սամվել Ավետիսյանի գլխավորությամբ: Գլխավոր բանախոսն էր ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Միքայել Մելքումյանը, զեկույցով հանդես եկավ նաև նույն ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Արթուր Առաքելյանը:
Ներածական խոսքով հանդես եկավ վերոնշյալ թեմայի հետազոտական խմբի անդամ, ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությւնների ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Նազարյանը: Նա մասնավորապես նշեց, որ հետազոտող խումբն աշխատում է տարբեր ուղղություններով՝ մակրո- և միկրոտնտեսագիտական, փորձում է գնահատական տալ Մաքսային միության դրական ու բացասական կողմերին: Նա հավելեց, որ հավաքագրված տվյալների հիման վրա արդեն մշակվել է գրավիտացիոն մոդել և առաջիկայում առաջին արդյունքներն ի հայտ կգան:
Առաջինը զեկույցով հանդես եկավ Արթուր Առաքելյանը, ով լուսապատկերի միջոցով ներկայացրեց տնտեսական տվյալներ՝ ՀՀ արտաքին առևտրի ընդհանուր արդյունքները, արտահանման և ներմուծման ծավալներն ըստ մի քանի երկրների, ՀՀ արտաքին առևտրի գործընկերներն առավել բարձր ցուցանիշներով, ՀՀ և ՄՄ դրույքաչափերի համեմատությունը, բնական գազի, ինչպես նաև նավթամթերքի ներմուծման կարողություններն ըստ երկրների (2013թ.): Ներկայացվեց նաև դեպի Հայաստան ներմուծման մեծ ծավալներ ունեցող ապրանքատեսակների (ավտոմեքենաներ, ոսկի, ադամանդ, ցորեն, դեղամիջոցներ) վերաբերյալ դուրս բերված տվյալներ: Խոսվեց ՀՀ-ում և ՄՄ-ում հարկային դրույքաչափերի մասին, վերլուծվեցին տնտեսական պաշտպանության օրենսդրական հարցերը, զեկույցի վերջում ներկայացվեցին եզրակացությունները:
Թեման շարունակեց սեմինարի գլխավոր բանախոս Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով տնտեսական տարբեր ոլորտներում հնարավոր աճերին և անկմանը: Պրոֆեսորը մանրամասն խոսեց նաև Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին: Ամփոփելով թեման՝ Միքայել Մելքումյանը նշեց, որ իրենց հիմնական նպատակը պետք է լինի կառավարությանը ծանրակշիռ և արժեքավոր առաջարկությունների, դրանց իրագործման մեխանիզմների ներկայացումը: Գլխավոր բանախոսը պատասխանեց մասնակիցների հարցերին:
Սեմինարի ավարտին Սամվել Ավետիսյանը նշեց. «Թեման դինամիկ է. իրավիճակը արագ է փոփոխվում և պետք է քայլել դրան համընթաց, հետևել զարգացող միտումներին: Պետք է նկատի ունենանք, որ մեզ համար գերակա շահը ազգային անվտանգությունն է: Առաջարկում եմ նաև հաշվի առնել այսօր հնչած հարցադրումները: Շարունակեք հետազոտությունը, շնորհակալություն զեկույցների համար»:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին