Բուհական ինքնավարության, ռազմավարական կառավարման փոփոխությունների վերաբերյալ խնդիրները` Գրացում կայացած աշխատաժողովում
Եվրոպական Միության Տեմպուսի «Աջակցություն բուհական ինքնավարությանը և հաշվետվողականությանը. բարձրագույն կրթության կառավարման ժամանակակից և Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ համակարգի մշակում՝ արդյունավետ փոփոխությունների իրականացման նպատակով (GOVERN)» ծրագրի շրջանակներում Ավստրիայի Գրաց քաղաքում հուլիսի 14-ից 16-ը տեղի է ունեցել աշխատաժողով` կապված բուհական ինքնավարության, ռազմավարական կառավարման և փոփոխությունների կառավարման հետ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Գրացում ներկայացրել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը և որակի ապահովման բաժնի առաջատար մասնագետ Մարգարիտ Մարուքյանը:
Ինչպես հայտնում են ՀՊՏՀ-ում Տեմպուսի ծրագրերի համակարգողները, աշխատաժողովին մասնակցել են նաև երկու տասնյակից ավելի հայաստանյան և արտասահմանյան համալսարանների, կրթական ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայաստանյան պատվիրակության կազմում ներկայացված էին նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարության, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի (ծրագրի համակարգող) Երևանի պետական բժշկական համալսարանի, Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի, Հայաստանի պետական ագրարային համալսարանի, Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի, Հյուսիսային համալսարանի, Երևանի պետական ճարտարապետության և շինարարության համալսարանի, Գավառի պետական համալսարանի, Հայաստանում ամերիկյան համալսարանի, ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի, «Կրթության որակ» ՍՊԸ-ի, Հայաստանի գործատուների միության, Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի ներկայացուցիչները: Ծրագրում ներառված են նաև արտասահմանյան հեղինակավոր համալսարաններ, մասնավորապես` Մեծ Բրիտանիայի Բաթ Սպա, Գերմանիայի Կոբլենց-Լանդաուի, Բելգիայի Լյուվենի համալսարանները, ինչպես նաև կրթության ոլորտում աշխատող այլ եվրոպական կազմակերպություններ, որոնց փորձը կարևոր է հայաստանյան բուհերում ինքնավարության և Բոլոնիայի սկզբունքներին համահունչ համակարգի ձևավորման համատեքստում:
Աշխատաժողովի ընթացքում ծրագրի եվրոպական գործընկերները ներկայացրել են իրենց փորձը ռազմավարության մշակման, ֆինանսական կառավարման և փոփոխությունների կառավարման վերաբերյալ: Քննարկման ընթացքում հայաստանյան գործընկերները ներկայացրել են հայաստանյան բուհերում Բոլոնիայի գործընթացի ուղղությունների իրագործման առկա վիճակը և ծրագրի շրջանակներում իրենց ակնկալիքները: Աշխատաժողովի ավարտին ներկայացվել են նաև ծրագրի առաջիկա գործողությունները և դրանց կատարման ժամկետները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին