ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը ուղերձ է հղել շրջանավարտներին

Դիտումների քանակ՝ 1280

Սիրելի շրջանավարտներ, ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը ուղերձ է հղել ձեզ, որը ներկայացնում ենք ստորև.

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի սիրելի շրջանավարտնե՛ր

Հասարակական գիտակցության ու պետական քաղաքականության մեջ կրթությունն ազգային արժեք է և սոցիալ-տնտեսական առաջընթացի կարևոր գործոն: Կրթության բնագավառի գերխնդիրը կրթության որակի բարձրացումն է, որը, ի սպաս աճող սերնդի, օրեցօր անցնում է բարեփոխումների ճանապարհ, կառուցվում ու վերակառուցվում: Հունիսի 9-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները, որոնցով ուսանողների համար ստեղծվում են կայուն սոցիալական երաշխիքներ և բարձրագույն կրթության մատչելիություն:

Երկրի կրթական բարեփոխումների համատեքստում մեր համալսարանն էլ անցնում է ինքնահաստատման ուղի` իր առջև դնելով բարձր որակավորմամբ մասնագետների թողարկման խնդիրը, որի շնորհիվ որակական նոր աստիճանի կհասնի մեր ժամանակների հայ տնտեսագիտական միտքը ու կզարգանա հայրենի տնտեսությունը:

Ինչպես գիտեք, տասնամյակներ շարունակ մեր բուհի շրջանավարտները, համալրելով հանրապետության տնտեսության ամենատարբեր բնագավառները, ստանալով աշխատանքային մկրտություն, իրենց նպաստն են բերել մեր երկրի զարգացմանը: Շատերն իրենց տաղանդն ու գիտելիքներն են ներդրել տնտեսագիտության զարգացման գործում` ձևավորելով գիտնական մանկավարժների նոր սերունդներ: Վստահ ենք՝ այս շարունակականությունը չի ունենալու խզում կամ նահանջ:

Հրաժեշտ ենք տալիս 2013-2014 ուսումնական տարվա շրջանավարտներին այն հույսով, որ նրանց շարքերում նույնպես կտեսնենք գիտության, մանկավարժության, արտադրության անվանի գործիչների: Հրաժեշտ ենք տալիս լավատեսությամբ ու համոզմունքով, որ նրանք  մշտապես իրենց հոգում կկրեն հարազատ կրթօջախի լավ ու բարի ավանդույթները, իրենց հետ կտանեն շռայլորեն ավանդված գիտելիքներն ու փորձը, որ կյանքի նոր ճամփաբաժանին կկարողանան կառուցել իրենց ապագան:

Առջևում բազում խնդիրներ են, կլինեն նաև դժվարություններ: Սակայն, վստահ եմ, սիրելի’ շրջանավարտներ, որ  ուսումնառության այս տարիների ձեռքբերումներն անբաժան կլինեն ձեզանից, ինքնավստահություն կներշնչեն, քանզի ավանդ եք ստացել կայուն ու մրցունակ գիտելիք, ընդգրկուն մտահորիզոն ու աշխարհայացք: Մեր համալսարանը ոչ միայն բարձրորակ մասնագետներ է թողարկում, այլև ձևավորում է քաղաքացիական հասարակության առաջադիմական մշակույթ և ազգային արժեքներ կրող անհատներ, որոնք անձնական ու հասարակական կյանքում ունակ են լինել ինքնահաստատ, մարդասեր ու ստեղծագործ:

Ամենայն բարիք ու հաջողություններ ձեզ:

Հարգանքով՝

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր

Կորյուն Աթոյան