«Ամբերդում» կայացավ մագիստրոսական երկու խմբերի հետազոտությունների տարեվերջյան շնորհանդեսը. ռեկտորը մասնակիցներին վկայականներ հանձնեց
«Ամբերդ» հետազոտական կենտրոնում այսօր կայացավ մագիստրոսական 2 խմբերի հետազոտությունների տարեվերջյան շնորհանդեսը, որին մասնակցում էին ռեկտոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, «Ամբերդի» աշխատակազմը՝ տնօրեն Սամվել Ավետիսյանի գլխավորությամբ: Նշենք, որ մագիստրոսական այս 2 խմբերի ղեկավարն է «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տ.գ.թ. Վարդան Աթոյանը:
Հետազոտական կենտրոնի տնօրենը, ողջունելով մասնակիցներին, ներկայացրեց խմբերի 2 թեմաները, ապա խոսքը փոխանցեց մագիստրանտներին:
Մագիստրոսական 1-ին խումբը՝ Ռուզաննա Թադևոսյանի, Ռոզա Բուդաղյանի, Լիլիթ Ազարյանի հեղինակությամբ ներկայացրեց «Արտասահմանյան և հայաստանյան առաջատար համալսարանների փորձի ուսումնասիրությունը և դրա ներդրման հնարավորությունները ՀՊՏՀ-ում» հետազոտությունը: Երիտասարդ հետազոտողները ամփոփ ներկայացրեցին իրենց ուսումնասիրությունը, նաև՝ լավագույն փորձի ներդրման հնարավորությունները մեր բուհում:
2-րդ խումբը՝ Շուշան Մովսիսյանի, Կարապետ Կևեյանի, Էդգար Թաղարյանի համահեղինակությամբ ներկայացրեց «Հայաստանի տնտեսական անվտանգության հիմնախնդիրները տարածաշրջանային զարգացումների համատեքստում» թեմայով հետազոտությունը՝ ուսումնասիրության հիմնական նպատակը և խնդիրները, հետազոտական ուղղությունները: Խոսվեց ԼՂՀ հակամարտության և տնտեսական անվտանգությանը սպառնացող այլ գործոնների մասին, վերջում ներկայացվեցին առաջարկներ:
Յուրաքանչյուր ելույթի ավարտից հետո հնչեցին հարցադրումներ և ծավալվեցին քննարկումներ: Ուսանողներին անկեղծ քննարկման հրավիրեց ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ առաջարկելով անդրադառնալ այն խորքային խնդիրներին, որոնք կապված են առաջին խմբի հետազոտության դեպքում՝ կրթության որակի բարելավմանը, երկրորդ խմբի հետազոտության պարագայում՝ փակ սահմանների պայմաններում տնտեսական զարգացմանը: Հարցադրումներով հանդես եկան նաև պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը:
Շնորհանդեսի ավարտին Կորյուն Աթոյանը շնորհավորեց մագիստրանտներին հաջող աշխատանքի համար, մաղթեց բեղմնավոր աշխատանք, ապա վկայականներ հանձնեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնում տվյալ թեմաների շրջանակներում հետազոտություն կատարած մագիստրանտներին, նրանցից շատերը ստացան նաև վերջերս լույս ընծայված «Ամբերդ» մատենաշարի պրակներ, որտեղ տպագրվել է նաև իրենց հետազոտությունը:
«Կատարվել են հետաքրքիր ուսումնասիրություններ, ողջունելի է մագիստրանտների մասնակցությունը հետազոտական աշխատանքներին: Հուսով եմ՝ ուսանողների ներգրավման գործընթացը շարունակական կլինի»,- ասաց ռեկտորը:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Վարդան Աթոյանը նշեց, որ մագիստրոսական խմբերի ընտրած երկու թեմաներն էլ շատ կարևոր են: «Մասնավորապես, «Արտասահմանյան և հայաստանյան առաջատար համալսարանների փորձի ուսումնասիրությունը և դրա ներդրման հնարավորությունները ՀՊՏՀ-ում» թեման ուղղակիորեն առնչվում է մեր բուհին. մագիստրանտների ներկայացրած առաջարկները մշակելուց հետո կփորձենք գտնել դրանց իրագործման մեխանիզմները: Հաջորդ թեման ևս կարևոր է. այն գլոբալ է, արդիական:
Մեր մագիստրանտները ներկայացրել են իրենց առաջարկները, ինչը արդեն իսկ նշանակում է, որ իրականացվել է ծավալուն ուսումնասիրություն: Այս հետազոտությունները հնարավորություն տվեցին մեր մագիստրոսներին զարգացնել հետազոտական հմտությունները, ձեռք բերել գիտելիքներ ու ինքնադրսևորվել»,-ընդգծեց խմբերի ղեկավար, «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն Վարդան Աթոյանը:
Միջոցառման ավարտին մասնակիցները համտեսեցին «Ամբերդ» հետազոտական կենտրոնի լոգոյով խորհրդանշական տորթը:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին, ինչպես նաև երիտասարդ հետազոտողներին, ցանկանում հետագա հաջողություններ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին