Կյանքի նոր փուլ՝ հուսառատ ու պատասխանատու. ՀՊՏՀ շրջանավարտներին հանձնվեցին դիպլոմներ (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 2217

ՀՊՏՀ առկա բակալավրիատի 2013-2014 ուսումնական տարվա  շրջանավարտներն այսօր  իրենց ֆակուլտետներում ստացան ավարտական վկայականները՝ դիպլոմները: Նրանց ողջունելու էին եկել դեկանները, դեկանների տեղակալները, ամբիոնների վարիչները, դասախոսները:

Շրջանավարտներին իր շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքն է հղել նաև համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը: Ռեկտորի ուղերձին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով՝  http://media.asue.am/upload/Shrjanavart_2014.pdf:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն այսօր ներկա  գտնվեց դիպլոմների հանձնմանը բոլոր ֆակուլտետներում՝ ամրագրելով ու արձանագրելով այն փաստը, որ երեկվա ուսանողն այսօր դառնում է շրջանավարտ ու հատում է մի կարևոր եզրագիծ, որն իր կյանքում կդառնա նոր ձեռքբերումների մեկնակետ: Բազում ճանապարհներ կբացվեն նրանց առջև. տղաների մի մասը կմեկնի ծառայելու հայրենիքին, մի մասը կշարունակի ուսումը մագիստրատուրայում, մի մասն էլ կսկսի աշխատանքային գործունեություն: Հաջողություն ու կանաչ ճանապարհ բոլորին:

«Շնորհավորում եմ Ձեզ, սիրելի շրջանավարտներ, կյանքում շատ կարևոր մի քայլն արդեն արել եք: Ցանկանում եմ, որ դիպլոմները ծառայեն իրենց նպատակին՝ մասնագիտական առաջխաղացման և կարիերայի աճի համար»,- մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում դիպլոմների հանձնմանը հայտարարեց դեկան Թաթուլ Մկրտչյանը՝ շրջանավարտներին մաղթելով հետագա հաջողություններ:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նա անկեղծացավ. «4 տարի աշխատել ենք այս երեխաների հետ ու հարազատացել ենք միմյանց, այնպես որ, մի փոքր էլ բաժանվելու դժվարություն կա, չնայած, որ նրանց մի մասին կհանդիպենք մագիստրատուրայում»: Մեր խնդրանքով գնահատելով հերթական թողարկման մասնագիտական որակները՝ Թաթուլ Մկրտչյանը նշեց. «Արտադրություն ենք բաց թողնում գիտելիքների տարբեր մակարդակներ ունեցող սերունդ, հետագա աշխատանքային հաջողությունները կախված են հենց իրենցից, բայց կարծում եմ, համալսարանը պահանջվող նվազագույն գիտելիքներն ու հմտությունները տվել է»:

Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը, իր խոսքն ուղղելով ապագա տնտեսագիտության տեսաբաններին, մակրոտնտեսագետներին, միջազգայնագետներին, բնօգտագործման ու հողագույքային հարաբերությունների մասնագետներին, ասաց. «Շնորհավորում եմ ձեզ՝ բակալավրի տիտղոսին արժանանալու առիթով և հավաստիացնում եմ, որ ռեկտորատը, դեկանատը, ամբիոնների վարիչները և դասախոսները գոհ են մեր համատեղ աշխատանքից: Հիշեք, որ սա ձեր կրթության ավարտը չէ, կարևոր է շարունակական կրթությունը, կրթվել կարելի է ամբողջ կյանքի ընթացքում»:

Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ Սուրեն Գևորգյանը նշեց. «Հուսով եմ՝ շատերը կգնան մագիստրատուրա: Ուրախությամբ եմ տեսնում, որ շատ են Կարմիր դիպլոմի արժանացածները, պահպանեք այդ գույնը: Ամենայն բարիք ու հաջողություն եմ մաղթում բոլորիդ»:

Ֆինանսական ֆակուլտետում ևս  այսօր մթնոլորտը հուզումնառատ ու ջերմ էր: Ֆակուլտետի բոլոր մասնագիտությունների բակալավրիատի շրջանավարտներին միավորել էր մեկ բան. նրանք ստացան հարազատ համալսարանում ձեռք բերած մասնագիտության վկայականները:

Ֆակուլտետի դեկան Զաքար Կիրակոսյանը ողջունեց ներկաներին՝ նշելով, որ օրը ուրախ, միաժամանակ փոքր-ինչ տխուր է, քանի որ շրջանավարտների մի մասը հրաժեշտ է տալիս բուհին: Դեկանը հույս հայտնեց, որ շրջանավարտներից շատերը ուսումը կշարունակեն մագիստրատուրայում: «Բուհը 4 տարիների ընթացքում ձեզ տվել է և' մասնագիտական գիտելիքներ, և' կյանքի համար կարևոր ու իմաստուն մտքեր: ՀՊՏՀ կոլեկտիվը՝ բուհի ղեկավարության գլխավորությամբ, արել է ամեն ինչ, ստեղծել լավագույն պայմանները՝ ձեր մասնագիտանալու համար: Մաղթում եմ, որ դիպլոմները մասնագիտական  լուսավոր ուղի բացեն: Հաջողություններ ձեզ կյանքի նոր ճանապարհին»,-բարեմաղթեց դեկանը, ապա ֆակուլտետի աշխատակիցների կողմից հանձնվեցին դիպլոմները:

Ֆինանսներ մասնագիտության շրջանավարտ, գերազանցության (կարմիր) դիպլոմ ստացած Անի Գևորգյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց, որ սա իր կյանքի ամենահիշարժան ու կարևոր օրերից է: «Հույս ունեմ, որ գերազանցության դիպլոմս կլինի նոր հաջողությունների սկիզբ: Նոր ուսումնական տարվանից ուսումս կշարունակեմ հարազատ բուհիս հարազատ ֆակուլտետում»,-ասաց շրջանավարտը:

Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում շրջանավարտները կրում էին խորհրդանշական հագուստներ, դահլիճում մթնոլորտը ջերմ և հուզառատ էր: Դեկան Աշոտ Մաթևոսյանը շնորհավորեց շրջանավարտներին՝ ընգծելով, որ օրը կարելի է անվանել պատմական, քանի որ հաշվապահների ևս մեկ սերունդ է մուտք գործում կյանքի նոր փուլ: «Այսօր առիթ ունենք հանձնելու ձեր դիպլոմները, որոնք խոստանում են ձեզ մասնագիտական հաջողություններ: Բոլոր շրջանավարտներին մաղթում եմ քաջառողջություն, աշխատասիրություն, մասնագիտական բեղմնավոր ուղի»,-շնորհավորեց դեկանը:

Այս ֆակուլտետի շրջանավարտների մյուս մասի դիպլոմները կհանձնվեն  ժամը 14.00-ին՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում:

Կառավարման ֆակուլտետի դեկան Միքայել Թավադյանի խոսքով՝ շրջանավարտների նոր սերունդն իր ապագան կառուցելու համարձակ ու վճռական ձգտում ունի, ուստի նրա մաղթանքն էր՝ լինել նպատակասլաց ու ստեղծագործ: «Սիրելի շրջանավարտներ, կանգ մի առեք, հարստացրեք ձեր գիտելիքն ու փորձը, և հաջողությունը կուղեկցի ձեզ: Թող այդ ճանապարհին ձեզանից անբաժան լինեն մեր համալսարանում ձեռք բերած գիտելիքները, դասախոսներից ստացած ավանդները՝ խորհուրդներն ու հորդորները և կարողանաք ձեր ջանքերը ներդնել մեր երկրի տնտեսության զարգացման գործում»,- մաղթեց Միքայել Թավադյանը:

ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետը, թեև աշխարհագրորեն կտրված է, սակայն իր աշխատանքային ու իրադարձային ռիթմով միասնացած է բուհին: Այսօր այնտեղ ևս օրը տոնական էր: Ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանն, իր սրտի խոսքը հղելով ֆակուլտետի 3 մասնագիտությունների շրջանավարտներին, հույս հայտնեց, որ կյանքի նոր շրջափուլում ՀՊՏՀ դիպլոմը, որը մասնագիտական գիտելիքի ու հմտությունների մասին հավաստագիր է, կծառայի իր նպատակին: Նա հորդորեց շրջանավարտներին՝ ամուր պահել կապը իրենց հարազատ ընտանիքի՝ Տնտեսագիտական համալսարանի հետ:

Ավանդույթի համաձայն՝ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը նվերներ մատուցեց շրջանավարտներին՝ նրանց հանձնելով «Տնտեսագետի» նոր համարը:

Հիշեցնենք, որ դիպլոմների հանձնումը կշարունակվի հուլիսի 14-ից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն` այստեղ