Քննարկում ագրոապահովագրության խնդիրների շուրջ. «Ամբերդում» հյուրընկալվել էր միջազգային փորձագետ
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում այսօր հյուր էր միջազգային փորձագետ Քլիմանս Թաթիլ Ժելեղանը: Վերջինս Հայաստանում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի (UNDP) հրավերով: Նշված գրասենյակը Հայաստանի Կլիմայի փոփոխության տեղեկատվական կենտրոնի հետ իրականացնում է ՀՀ-ում ագրոապահովագրության ներդրման հնարավորությունների ուսումնասիրություն:
Ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ընդգծեց «Ամբերդի» տնօրեն Սամվել Ավետիսյանը, հետազոտական կենտրոնի դիտակետում են կլիմայական փոփոխությունների ազդեցությունները տնտեսության տարբեր ոլորտների, այդ թվում և գյուղատնտեսության վրա: Այս համատեքստում քննարկվում է մեր երկրում հարմարվողականության միջոցառումների գործընթացը, դրանց բարելավման ուղիները:
«Գյուղատնտեսությունը կենսական նշանակություն ունեցող, սակայն ռիսկային ոլորտ է, ուստի այստեղ առկա խնդիրները պետք է միշտ ուշադրության կենտրոնում լինեն և գտնվեն դրանց լուծման ուղիները: Կլիմայական փոփոխություններին ՀՀ տնտեսության հարմարվողականության միջոցառումների շրջանակներում կարևորվում է գյուղատնտեսության ապահովագրության խնդիրը, որը ներկայում բացակայում է Հայաստանում: Գրեթե ամեն օր ականատես ենք լինում տարերային աղետների, որոնց դեմ գյուղացին անզոր է պայքարելու: Ահա այս պատճառով անհրաժեշտ է գտնել ագրոապահովագրության ներդրման լավագույն հնարավորություններն ու մեխանիզմները (կառուցակարգերը)»,-ասաց տնօրենը:
Հանդիպմանը Սամվել Ավետիսյանը հյուրին նախ ներկայացրեց հետազոտական կենտրոնի կողմից իրականացվող հետազոտական երեք ծրագրերը, ապա՝ հետազոտական ուղղությունները, կատարված և կատարվելիք աշխատանքները: Այնուհետև փորձագետը սեփական փորձի հիման վրա շեշտադրեց այն հիմնական սկզբունքներն ու մեխանիզմները, որոնք անհրաժեշտ են ագրոապահովագրության համար: Քննարկվեց միջազգային երկրների փորձը:
Հետազոտական կենտրոնի տնօրենը կարևորեց հետագա համագործակցությունը, երկուստեք հույս հայտնվեց, որ հանդիպումները շարունակական կլինեն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին