Վաղվանից կսկսվեն երկրորդ կիսամյակի վերահանձնումները

Դիտումների քանակ՝ 1187

ՀՊՏՀ նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը: Այն սկսվեց հեռակա ուսուցման մագիստրատուրայի գիտահետազոտական փորձառության արդյունքների ամփոփման մասին դեկանների զեկուցմամբ: Դեկանների հավաստմամբ, հեռակա մագիստրատուրայի ուսանողները բարեհաջող անցել են գիտահետազոտական փորձառությունը:

Ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը ներկայացրեց 2013-2014 ուստարվա երկրորդ կիսամյակի առաջին վերահանձնման նախապատրաստման մասին հարցը՝ հայտնելով, որ հուլիսի 1-ից առաջին վերահանձնումը կսկսվի առկա բակալավրիատում, իսկ հուլիսի 2-ից՝ նաև հեռակա բակալավրիատում և մագիստրատուրայում, ինչպես նաև առկա մագիստրատուրայում: Առաջին վերահանձնումները կավարտվեն հուլիսի 9-ին:

Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը ներկայացրեց որակավորման քննությունների գարնանային  քննաշրջանի արդյունքները՝ նշելով, որ քննություններին մասնակցել է 174 հոգի: Առկա ուսուցման ասպիրանտների տարեկան ատեստացիայի մասին հարցը ներկայացրեց ասպիրանտուրայի բաժնի պետ Եվգենյա Պողոսյանը: Ներկայացնելով գործընթացը՝ նա մասնավորապես նշեց, որ համակարգում բավական բարելավում կա կրեդիտային համակարգի ներդրումից հետո: Եվգենյա Պողոսյանի խոսքով՝ և՛ ամբիոնները, և՛  ֆակուլտետները ավելի լրջորեն են վերաբերվում գործընթացին: Ասպիրանտուրայի բաժնի պետը ներկայացրեց 30 առկա ուսուցման ասպիրանտ տարեկան ատեստացիայի արդյունքները:

Ռեկտոր Կորյուն Աթոյանը կոչ արեց մեծ ուշադրություն դարձնել  ասպիրանտների գիտական աշխատանքների որակին՝ մինչև դրանց մասնագիտական խորհուրդ ներկայացվելը:

Գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը զեկուցեց «Զարգացման ժամանակակից մարտահրավերներ» խորագրով ՀՊՏՀ 24-րդ գիտաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին՝ նշելով, որ հոկտեմբերի 29-31-ը տեղի կունենա ՀՊՏՀ 24-րդ գիտաժողովը: Նրա խոսքով՝ գիտաժողովի վերնագիրն ընտրվել է այն չափանիշով, որպեսզի դրան կարողանան մասնակցել ոչ միայն թողարկող, այլև սպասարկող ամբիոնները: Խորեն Մխիթարյանը նաև նշեց, որ գիտաժողովի նախապատրաստական աշխատանքները սկսվել են:

Անդրադարձ եղավ նաև ընթացիկ հարցերի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին