Գիտական խորհրդի հերթական նիստում ընտրվեցին երկու ֆակուլտետների դեկաններ
Մայիսի 27-ին տեղի ունեցավ ՀՊՏՀ գիտական խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում էին հաշվետվությունների ներկայացում, դեկանների ընտրություն և մի շարք այլ հարցեր: ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Սամսոն Դավոյանը ներկայացրեց 2013-2014 ուսումնական տարում մասնաճյուղում ուսումնական և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման հարցը: «Հաշվետու ժամանակահատվածում մասնաճյուղի գիտական խորհրդի նիստերում լսվել և քննարկվել են ուսումնական, գիտական, դաստիարակչական, կարգապահական և կազմակերպական բազմաբնույթ հարցեր: Առաջ են քաշվել կրեդիտային համակարգի կիրառման գործնական արդյունավետության բարձրացման հիմնահարցեր: Դրական տեղաշարժեր են կատարվել ուսումնական գործընթացի կազմակերպման ասպարեզում. ամբիոններում հաճախակի քննարկումներ են կատարվել ուսման որակի բարձրացման և ուսանողների հետ տարվող ուսումնադաստիարակչական աշխատանքների ուղղությամբ: Հաշվետու ժամանակաշրջանում մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է 67 գիտական հոդված»- մասնավորապես ներկայացրեց մասնաճյուղի տնօրենը: Հաշվետվության ներկայացումից հետո նա պատասխանեց գիտխորհրդի անդամների հարցերին, իսկ հարցի քննարկման ավարտից հետո գիտխորհուրդը որոշեց բավարար գնահատել մասնաճյուղի գործունեությունը:
Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը հանդես եկավ ֆակուլտետի տարեկան հաշվետվությամբ՝ նախ նշելով, որ չնայած ֆակուլտետում կատարված լայնածավալ շինարարական աշխատանքներին՝ ուսումնական գործընթացը չի խափանվել, ապա ներկայացրեց ֆակուլտետի աշխատանքը բոլոր ուղղություններով՝ ուսանողների առաջադիմություն, ուսումնառության գործընթացի կազմակերպում, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների ներգրավում գիտահետազոտական աշխատանքներում: Այս համատեքստում Ատոմ Մարգարյանը հատկապես կարևորեց «Ամբերդ» կենտրոնի գործունեությունը՝ նշելով, որ այն բավական ակտիվացրել է համալսարանում գիտահետազոտական կյանքը: Դեկանը ներկայացրեց նաև իր կողմից անցած երկու տարիներին կատարած մի փորձ. բակալավրիատի և շրջանավարտների շրջանում դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ հարցում: Ատոմ Մարգարյանի համոզմամբ՝ այս փորձը կարող է շատ արդյունավետ լինել դասավանդման որակն ավելի բարձրացնելու համար: Ռեկտոր Կորյուն Աթոյանն ի պատասխան նշեց, որ գաղափարը լավն է, սակայն մեթոդաբանությունը պետք է հստակեցնել և հղկել: Հաշվետվությունը գիտխորհուրդը գնահատեց բավարար:
Նիստում կազմակերպվեցին ֆինանսական ու ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետների դեկանների ընտրությունները: Գիտխորհրդի նախագահ, ռեկտոր Կորյուն Աթոյանը ներկայացրեց, որ երկու ֆակուլտետների ամբիոնները դեկանների թեկնածուներ են առաջադրել՝ ֆինանսական ֆակուլտետում՝ ժամանակավոր պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ Զաքար Կիրակոսյանին, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում՝ ժամանակավոր պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ Մանուկ Մովսիսյանին: Այլ թեկնածուներ չեն առաջադրվել: Թեկնածուների մասին բարձր արտահայտվեցին ֆակուլտետի ամբիոնների վարիչներն ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները: Փակ, գաղտնի քվեարկությամբ գիտխորհրդի 57 անդամներ 54 կողմ, 3 դեմ, 0 անվավեր արդյունքներով ֆինանսական ֆակուլտետի դեկան ընտրեցին Զաքար Կիրակոսյանին, իսկ 57 կողմ, 0 դեմ, 0 անվավեր արդյունքներով Մանուկ Մովսիսյանին՝ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան:
Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը ներկայացրեց «Համալսարանում ուսումնաարտադրական, գիտամանկավարժական և գիտահետազոտական փորձառությունների կազմակերպման վիճակը և դեկանատների ու ամբիոնների խնդիրները» հարցը՝ ներկայացնելով այս ուղղությամբ կատարված աշխատանքը, ինչպես նաև անդրադառնալով գործընթացում առկա խնդիրներին: Պրոռեկտորը տեղեկացրեց նաև, որ 2013-2014 ուստարվա ընթացքում ուսումնաարտադրական, գիտահետազոտակյան և գիտամանկավարժական փորձառություններ են կազմակերպվել 2135 ուսանողի համար, որից 1500-ը խոշոր կազմակերպություններում՝ բուհի և կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա: Պրոռեկտորը հատկապես կարևորեց գործընթացի նկատմամբ վերահսկողության ուժեղացումը:
Քվեարկության դրվեց և հաստատվեց բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Վոլոդյա Մանասյանին դոցենտի գիտական կոչում շնորհելու հարցը: Հաստատվեց մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Կարեն Գրիգորյանին նույն ամբիոնի ասպիրանտ Լուսինե Մուրադյանի գիտական ղեկավար նշանակելու համար ԲՈՀ-ին միջնորդելու հարցը: Քննարկվեցին ատենախոսության թեմաներ և գիտական ղեկավարներ հաստատելու մասին հարցեր, հրատարակության երաշխավորվեց կոմերցիայի ամբիոնի վարիչ, տ.գ. թ., դոցենտ Գագիկ Չատինյանի «Առևտրի տնտեսագիտություն» ուսումնական ձեռնարկը: Օրակարգի հագեցվածության պատճառով գիտխորհուրդը քվեարկությամբ «Ֆինանսական ֆակուլտետի դեկանի հաշվետվությունը» հարցը տեղափոխեց հաջորդ նիստի օրակարգ:
Առաջիկայում գիտխորհրդի որոշումներն ամբողջությամբ կհրապարակենք ՀՊՏՀ պաշտոնական կայքում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին