«Ամբերդ» կենտրոնի մագիստրոսական խմբի հերթական շնորհանդեսը

Դիտումների քանակ՝ 1306

Տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնում այսօր մագիստրոսական  խմբի հերթական շնորհանդեսն էր՝ «ՀՀ պարենային ապրանքների շուկաների մարքեթինգային հետազոտություն» խորագրով: Ներկայացվեցին 1-ին փուլում կատարված հետազոտության արդյունքները: Շնորհանդեսին մասնակցում էր կենտրոնի աշխատակազմը՝ տնօրեն Սամվել Ավետիսյանի գլխավորությամբ: Մագիստրոսական հետազոտական այս խմբի ղեկավարն է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային մրցունակության և միջազգայնացման հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տ.գ.թ., դոցենտ Արմեն Գրիգորյանը:

Զեկուցումներով հանդես եկան մագիստրանտներ Ինեսա Ոսկանյանը, Հակոբ Բաղդասարյանը, Ելենա Դավթյանը, Արմինե Թեմուրյանը, Վարդուհի Հարթենյանը, Թամարա Հարությունյանը:

Ինչպես հանդիպման սկզբում նշեց խմբի ղեկավարը՝ հետազոտողները  թեմայի շրջանակներում կատարել են մի շարք վերլուծություններ: Մասնավորապես ներկայացվել են Հայաստանում սպառողական ծախսերի մեծությունը, կազմը և կառուցվածքը, որոնց արդյունքները համադրվել են աշխարհի միջին վիճակագրական ցուցանիշների, ինչպես նաև ԱՊՀ ու զարգացման տարբեր մակարդակ ունեցող այլ երկրների հետ: Այնուհետև նշվեց, որ խմբի կողմից իրականացվել են նաև ապրանքային շուկաների կազմի, կառուցվածքի, տարողունակության, շուկան սպասարկող սուբյեկտների, ինչպես նաև շուկայում ազգային արտադրություն-ներմուծում հարաբերակցության վերլուծություններ, որոնց հիմքում ընկած է հիմնականում պետական պաշտոնական տեղեկատվությունը: Մյուս կողմից, խումբն արդեն ավարտել է սպառողական վարքագծի վրա արտաքին ոչ մարքեթինգային գործոնների ազդեցության չափի գնահատման աշխատանքները:

Արմեն Գրիգորյանը մանրամասնեց նաև, որ վաճառակետերի դիտարկումներն իրականացվել են ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մեթոդաբանությամբ՝ հիմնականում ներառելով Երևան քաղաքի խոշոր առևտրային ցանցերը, մեծածախ առևտրով զբաղվող տոնավաճառները և որոշ փոքր ու միջին խանութներ, որոնց արդյունքները համադրել են նաև ԱՎԾ 2014թ. առաջին եռամսյակի դիտարկումների համապատասխան հրապարակման տվյալների հետ: Ընդ որում՝ հետազոտական խմբի դուրս բերած տվյալները որոշակիորեն տարբերվում են ԱՎԾ Երևան քաղաքին վերաբերվող տվյալներից:

Շնորհանդեսի ընթացքում խոսվեց  ՀՀ-ում պարենային, ինչպես նաև ոչ պարենային (հիգիենայի միջոցների շուկա) ապրանքների սպառողական ծավալների մասին,  ներկայացվեցին  հայ սպառողների նախապատվությունները, սոցիալ-տնտեսական մշակութային և այլ գործոնների ազդեցությունները հայ սպառողի վարքագծի վրա: Ներկայացվեցին ՀՀ ծխախոտի, պանրի, կաթնամթերքների, կարագի, հյութերի, ոչ ալկոհոլային խմիչքների, թեյի, սուրճի, մսի, թարմ թռչնամսի, ձվի,  ձկան, սառեցված ապրանքների, ինչպես նաև կենցաղային նշանակման ապրանքների շուկաների վերլուծության ամփոփ արդյունքները: Զեկուցումները լսելուց հետո հնչեցին մի շարք հարցադրումներ: Սամվել Ավետիսյանը ներկայացրեց իր դիտողությունները, միաժամանակ՝ բարձր գնահատեց ուսանողների կատարած մանրակրկիտ աշխատանքը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Արմեն Գրիգորյանը,  որպես ղեկավար, նշեց, որ,  ընդհանուր առմամբ, գոհ է երիտասարդ հետազոտողների աշխատանքից:

«Կարծում ենք, խմբին հաջողվել է բացահայտել մի շարք հիմնախնդիրներ, որոնց մասին Հայաստանում այնքան էլ չի խոսվել: Մասնավորապես, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության վիճակագրության և ԱՎԾ վիճակագրության հիման վրա, ներմուծված ապրանքների պայմանական միավորների մաքսային արժեքների հստակեցման միջոցով ցույց է տրվել, որ մեր երկրում ներմուծվող ապրանքների ճնշող մեծամասնությունը ներմուծողի պահեստում ունի 2-3 անգամ ավելի էժան գին, քան վաճառակետերում, բացահայտվել է, որ գյուղատնտեսական ապրանքների վիճակագրությունը ոչ այնքան պատշաճ մակարդակով է իրականացվում, ինչի արդյունքում դրանց մաքսային արժեքները կասկածելի մեծություն ունեն: Հստակորեն ցույց է տրվել, թե վերջին հինգ տարիների ընթացքում ինչպես է բնակչության բարեկեցության նվազումն անդրադարձել դիտարկվող ապրանքների սպառման ծավալների կազմի ու կառուցվածքի վրա: Կատարված հաշվարկներով հստակեցվել են այն ապրանքային շուկաները, որտեղ ներմուծողներն ավելի ծանրակշիռ մասնակցություն ունեն ազգային արտադրողների նկատմամբ:

Խմբի արդյունքներից կարելի է համարել նաև այն, որ մշակվել է դիտարկված շուկաներում սպառման ծավալներին, ազգային արտադրությանն ու արտաքին առևտրին առնչվող վիճակագրության վարման նոր մոտեցում, որն, ի տարբերություն այլ մարմինների, ներառում է ժամանակային ավելի շատ շարքեր, տեղեկատվություն է պարունակում ներմուծվող ապրանքների պայմանական միավորների մաքսային արժեքների մասին, ինչպես նաև ցույց է տալիս ներմուծման, արտահանման, ազգային արտադրության և տվյալ ապրանքային շուկաների տարողունակության դինամիկան վերջին 5 տարիների կտրվածքով, ինչը որևէ մեկի կողմից մինչ այս չի ներկայացվել և կարող է մեծապես հետաքրքրել խնդրով շահագրգիռ տարբեր կազմակերպությունների ու անհատ հետազոտողների: Բացի այդ, խումբը ձևավորել է նաև տվյալ ապրանքային շուկաները սպասարկող ընկերությունների տվյալների բազա, որն, ի տարբերություն «Սփյուռ» տեղեկատվական բազայի, տվյալներ է պարունակում ավելի մեծ թվով կազմակերպությունների վերաբերյալ»,-հետազոտությունը նկարագրեց ղեկավարը՝ նշելով, որ վերջնական արդյունքները, հավանաբար,  կներկայացվեն նոր ուսումնական տարում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին