«Սեփական խաղ». նոր ձևաչափով ինտելեկտուալ խաղ-մրցույթ ՀՊՏՀ-ում (լրացված)

Դիտումների քանակ՝ 1444

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր սկսվեց ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված «Սեփական խաղ» ինտելեկտուալ մրցույթի  ՀՊՏՀ առաջնությունը: Նշենք, որ այս խաղն առաջացել է «Jeopardy» անգլալեզու խաղից և հիմնականում անցկացվում է ռուսերենով:  ՀՊՏՀ-ում խաղն  անցկացվեց հայերենով:

«Սեփական խաղ» ինտելեկտուալ մրցույթը վարում էր մեր բուհի Գիտակների ակումբի  նախագահ  Հարություն Արզումանյանը: Վերջինս, ազդարարելով խաղի բացումը, ներկայացրեց կանոններն ու ընթացակարգը: Այսպես՝ խաղին մասնակցում էին 26 ուսանողներ, որոնցից ընտրվեցին 18-ը: Նախընտրական փուլը հաղթահարածներն արդեն խաղացին խմբային խաղերում (6 հոգուց բաղկացած խմբերում), որոնցից էլ կընտրվեն լավագույն խաղացողները:

Հետաքրքիր թեմաների շրջանակներում  հնչեցին հարցեր, որոնց խաղացողները պետք է պատասխանեին 5 վայրկյանի ընթացքում: Նախընտրական փուլի խորագրերից  էին, օրինակ, «Գետեր և լճեր», «Գրականություն», «Խոհանոց», «Շներ», «Կինոաշխարհ» և այլն, որոնցից յուրաքանչյուրից հնչեց 8 հարց:

Ինչպես նշում են կազմակերպիչները՝ առաջնության նպատակն է բացահայտել մեր բուհի  ինտելեկտուալ ուսանողներին, ովքեր  հետագայում կներգրավվեն նաև այլ ինտելեկտուալ մրցույթներում:

Առաջնությունը բաց էր բոլոր ուսանողների համար,  կարող էին մասնակցել նաև այս տարի բակալավրիատը կամ մագիստրատուրան ավարտած ուսանողները:

Ավարտին հայտնի դարձան 1-3 մրցանակային տեղերը զբաղեցնողները: Այսպես՝ 1-ին  տեղը նվաճեց հաշվապահական հաշվառման  և աուդիտ ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին  կուրսի ուսանող Հայկ Մինասյանը, 2-րդ տեղը՝ մարքեթինգի և բիզնեսի  կազմակերպման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող  Գառնիկ Միրզոյանը, 3-րդ տեղը՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Հայկազ Մելքումյանը: Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով և գրքերով:

Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին