Սեմինար-անդրադարձ հայ տնտեսագիտական մտքի պատմությանը

Դիտումների քանակ՝ 1195

ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի  տնտեսագիտության տեսություն  մասնագիտության 2-րդ կուրսում այսօր «Տնտեսագիտական  ուսմունքների պատմություն» առարկայից երկրորդ սեմինարն էր՝ խորագիրը  «Մերկանտիլիզմը հայ իրականության մեջ»:

Մինչ ուսանողները առանձին զեկուցումներով կներկայացնեին թեման, առարկայի դասախոս, տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Սամվել Գրիգորյանն ընդհանուր անդրադարձ կատարեց  մերկանտիլիզմ բառեզրի ծագմանը, գաղափարախոսությանը, տնտեսական մտքի պատմության մեջ նրա դերին՝ նշելով. «Մերկանտիլիզմը հայ իրականության մեջ արտահայտվել է հիմնականում Հայաստանից դուրս գործող հայ հեղինակների աշխատություններում, քանի որ հայ առևտրային բուրժուազիայի գործունեությունը հիմնականում ծավալվել է օտար երկրներում: Ահա այդ հեղինակների հետ, ովքեր նաև մեծ մտածողներ են ու անվանի գործիչներ, տնտեսագետ ուսանողների ծանոթությունը շատ կարևոր է»:

Այնուհետև այդ հեղինակներին ու ականավոր գործիչներին անդրադարձան Գայանե Հովհաննիսյանը՝ «Մերկանտիլիզմի հայ առաջին ներկայացուցիչները» (Զաքարիա Ագուլեցի, Ղևոնդ Վանանդեցի), Կարինե Կարապետյանը՝ «Մովսես Բաղրամյանը և նրա «Հորդորակը», Մարիետա Դանիելյանը՝ «Շահամիր Շահամիրյանը և նրա «Որոգայթ փառացը»», Մարիամ Մկրտչյանը՝ «Ղուկաս Տերտերյանցի մերկանտիլիստական հայացքները», Հասմիկ Գալստյանը՝ «Տիգրան Թնկրյանի մերկանտիլիստական հայացքները» թեմաներով, իսկ Ռիտա Օհանյանն ամփոփեց ելույթները: Լուսապատկերի միջոցով նրանք իրենց ելույթները դարձրին առավել հետաքրքրական ու գրավիչ:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Սամվել Գրիգորյանը նշեց, որ «Տնտեսագիտական  ուսմունքների պատմություն» առարկան այս կուրսում շարունակվելու է նաև գալիք ուսումնական տարում: Իսկ հաջորդ սեմինարը նվիրված կլինի 18-19-րդ դարերի արևմտահայ հեղինակներին, որոնք ստեղծել են տնտեսագիտական 7 դասագիրք՝ ամփոփելով դրանցում իրենց վերլուծություններն ու մոտեցումները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին