ՀՊՏՀ մարզադահլիճում անցկացված վոլեյբոլի հանրապետական խաղերն ավարտվել են
Ապրիլի 14-26-ը ՀՊՏՀ մարզադահլիճում հայաստանյան բուհերի ուսանողների 15-րդ հանրապետական մարզական խաղերի շրջանակներում անցկացվել են վոլեյբոլի խաղեր (աղջիկների և տղաների): Ապրիլի 14-19-ը կայացած աղջիկների խաղերում մեր բուհի թիմը հաղթանակ տարավ Մանկավարժական և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանների թիմերի նկատմամբ և պարտության մատնվեց Արցախի պետական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի կողմից: Ընդհանուր խաղերի արդյունքում ՀՊՏՀ աղջիկների հավաքականը գրավեց 5-րդ տեղը: Առաջին տեղը զբաղեցրել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հավաքականը: Ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին փոխանցեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչի ժ/պ Սիմոն Հակոբյանը, բոլոր խաղերն անցել են հաճելի և արդարացի մթնոլորտում:
«Հատկապես այս տարի վոլեյբոլային խաղերն անցան բարձր մակարդակով՝ կազմակերպական տեսանկյունից: Տարեցտարի առավել զգացվում է, որ խաղերի կազմակերպման և անցկացման գեղեցիկ մշակույթ է ձևավորվում»,-ասաց նա՝ նշելով, որ խաղերը կազմակերպվել էին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի կողմից:
Նշված ամբիոնի դոցենտ, ՀՊՏՀ վոլեյբոլի տղաների հավաքականի մարզիչ Գագիկ Վարդանյանը ևս բարձր գնահատեց խաղերի անցկացումը: Մարզիչը նշեց, որ վերջնարդյունքում ՀՊՏՀ տղաների թիմը գրավել է 5-րդ հորիզոնականը՝ 11 բուհերի շարքում: Առաջին տեղը նվաճել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի թիմը:
«Մեր թիմը գեղեցիկ խաղեր է ցույց տվել, հաղթել է Մանկավարժական և Ֆրանսիական համալսարաններին, պարտության է մատնվել Ճարտարագիտական և Ագրարային համալսարանների թիմերի կողմից՝ գրեթե հավասար խաղի իրավիճակով՝ 2-1 հաշվով: Այս խաղերը նաև լավ առիթ էին՝ թիմերի մարզավիճակը տեսնելու, թերությունները շտկելու տեսանկյունից: Այսօրվանից սկսած՝ կշարունակվեն ՀՊՏՀ վոլեյբոլի տղաների թիմի մարզումները»,-խաղերն ամփոփեց Գագիկ Վարդանյանը:
Նշենք, որ 15-րդ մարզական խաղերի շրջանակներում այս կիսամյակում՝ մայիսի 1-3-ը, կանցկացվեն խաղեր ևս մեկ՝ ձյուդո մարզաձևում: Մնացած մարզաձևերում (աթլետիկա, հրաձգություն, բասկետբոլ, ֆուտզալ) խաղերը կանցկացվեն այս տարվա հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին