ՀՊՏՀ ներկայացուցիչները հերթական անգամ այցելեցին դպրոցներ

Դիտումների քանակ՝ 1434

Վաղ առավոտից մի խումբ ՀՊՏՀ-ականներ բուհից ուղևորվեցին Արմավիրի մարզ՝ դպրոցների հետ համագործակցության ծրագրի շրջանակներում  հերթական հանդիպումներն ունենալու Արմավիրի թիվ 1 և Վաղարշապատի թիվ 10  ավագ դպրոցների աշակերտների հետ: Օտար լեզուների ամբիոնի դասախոս, նշված ծրագրի ղեկավար  Լուսինե Կարագուլյանը, կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի ասիստենտ  Տիգրան Մանուկյանը, տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Մուշեղ Հակոբյանը, ՈւԽ նախագահ Սևակ Խաչատրյանը և մի խումբ ուսանողներ նշված  դպրոցներում ներկայացրել են ՀՊՏՀ-ն, պատասխանել աշակերտների հարցերին: Հանդիպումը, մասնավորապես, եղել է տնտեսագիտական հոսքի ավագ դասարանների հետ: Մեր բուհի ներկայացուցիչները աշակերտներին տրամադրել են բուհի, ուսխորհրդի  մասին տեղեկատվական գրքույկներ, նվիրել մեր ամբիոնների կողմից թողարկված մասնագիտական գրքեր, բուհի պաշտոնական ամսագրի՝ «Տնտեսագետի» օրինակներ : Ուսանողները լուսապատկերի միջոցով ներկայացրել են բուհը՝ ֆակուլտետները, մասնագիտությունները, պաշտոնական կայքը, համալսարանի արտաքին տեսքը, բակը և այլն:

Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին փոխանցեց Լուսինե Կարագուլյանը, աշակերտները հետաքրքրված են Տնտեսագիտական համալսարանով, նրանցից շատերն արդեն հստակ  կողմնորոշվել են Տնտեսագիտական  մայր հալմալսարանում կրթություն ստանալու հարցում:

«ՀՊՏՀ-ն համագործակցում է հայաստանյան 12 ավագ և միջնակարգ դպրոցների, ինչպես նաև մի քանի քոլեջների հետ և սա  համագործակցության շրջանակներում հերթական այցն էր: Մեր հիմնական նպատակն էր տնտեսագիտական բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող աշակերտների մոտ բարձրացնել տեղեկացվածությունը, օգնել նրանց կողմնորոշվելու և պատասխանել հետաքրքրող հարցերին: Նշենք, որ նաև  քայլեր են ձեռնարկվում լավ սովորող, սոցիալապես անապահով  աշակերտներին նյութական օժանդակություն ցուցաբերելու համար (մի քանի անգամ այսպիսի ծրագիր իրականացվել է)»,-ասաց Լուսինե Կարագուլյանը՝ ընդգծելով, որ իրենց այցից աշակերտները բավականին ոգևորված էին:

Ծրագրի ղեկավարը նշեց նաև, որ այցերը շարունակական են: Առաջիկայում վերոնշյալ դպրոցի աշակերտները կայցելեն ՀՊՏՀ: Լուսինե Կարագուլյանը շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը՝ ի դեմս Կորյուն Աթոյանի՝ աջակցության համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ   կապերի բաժին