ՀՊՏՀ ուսանողի լուսանկարը՝ «Practical Photography» հանդեսում

Դիտումների քանակ՝ 1844

Մեր համալսարանի կառավարման ֆակուլտետի ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Գևորգ Մաթևոսյանի լուսանկարչական աշխատանքը տեղ է գտել  «Practical Photography» ամենամսյա լուսանկարչական հանդեսի 2014 թվականի մարտյան համարում՝ «Տասը հիանալի ֆոտոհղացում, ինչ կարող ես լուսանկարել» խորագրի ներքո:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Գևորգը պատմեց, որ այս հաջողության սկիզբը դրվել է 2013 թվականի օգոստոսին, երբ լուսանկարչական համաշխարհային թիվ 1՝ «500px.com» կայքում տեղադրել է իր լուսանկարչական աշխատանքների փաթեթը (պորտֆոլիոն):

«Այս լուսանկարը, որն ամսագրում է, մեկ օրում ունեցավ 16.000 դիտում: Այնուհետև կայքի լուսանկարների ադմինիստրատոր Ջեմմա Դոդդը դիմեց ինձ՝ այն ամսագրում ներկայացնելու առաջարկությամբ: Նկարին կից տեքստային մասում ես արտահայտում եմ այդ աշխատանքը ստեղծելու իմ մեկնաբանությունը»,- ասաց Գևորգը և հավելեց, որ շարունակում է լուսանկարել, նոր մտքեր իրագործել և առաջիկայում իր աշխատանքների շարքը համալրել:

Հետաքրքրական է, որ Գևորգը ինքնուս է, չի ստացել մասնագիտական մկրտություն: Ինչպես ինքն է պատմում, պարզապես 12 տարեկանից իր մեջ ծնունդ առած նախասիրությունը աստիճանաբար զարգացրել է ու ձգտել օրեցօր կատարելագործել:

Մեր այն հարցին, թե ինչ ստեղծագործական ծրագրեր ունի, Գևորգը պատասխանեց, որ մեծ ցանկություն ունի լուսանկարչությամբ զբաղվել նոր որակում, որը կհամադրվի տեխնոլոգիական առաջընթացի հետ՝ նշելով. «Ընկերոջս հետ ցանկանում ենք ստեղծել օդային նկարահանումներ կատարող ինովացիոն սարք՝ անօդաչու, հեռակառավարվող: Մեզ համար շատ կարևոր հիմնադրույթներ արդեն ուրվագծել ենք, ունենք բիզնես-պլանի նախատիպ»:

Ի դեպ՝ Գևորգը որոշել է կրթությունը շարունակել ՀՊՏՀ-ի և բրիտանական «Globe Education (GB) LTD» կազմակերպության համատեղ բիզնես դպրոցում:

Շնորհավորում ենք մեր շնորհաշատ ուսանողին և մաղթում ուսումնական ու ստեղծագործական հաջողություններ: Գևորգի աշխատանքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հասցեով՝ http://500px.com/gevsmatevosyan:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին