Աշխատաժողով ՀՊՏՀ-ում՝ «Արարատ» ծրագրի շրջանակներում

Դիտումների քանակ՝ 1451

Տեմպուսի «Արարատ» ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ-ում ընթանում է ոլորտային որակավորումների շրջանակներին (բնութագրիչներին) նվիրված եռօրյա աշխատաժողով, որը մեկնարկել է երեկ՝ մարտի 17-ին: Աշխատաժողովին մասնակցում են  ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի պետ, «Արարատ» ծրագրի համակարգող Ներսես Գևորգյանը, բաժնի աշխատակիցները, ծրագրի շահառուները:

Կարևորելով Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության համակարգի արդյունավետության բարձրացման և ընթացող բարեփոխումների իրականացման գործընթացը՝ «Արարատ» ծրագրի համակարգողները նշված քննարկումների համար հրավիրել են  ոլորտի փորձագետ  Սթիվեն Ադամին. վերջինս աշխատաժողովների ընթացքում հանդես է գալիս խորհրդատվությամբ: Քննարկումներին մասնակցում են ծրագրի  բոլոր գործընկերները՝ կրթության, տեղեկատվական  տեխնոլոգիաների և կառավարման ոլորտների աշխատանքային խմբերով։

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ն Տեմպուսի «Արարատ»  ծրագրի համակարգողն է:«Արարատ»ծրագիրը եռամյա է և նպատակաուղղված է համալսարան–գործատու կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը։ Ծրագրի  գերնպատակն է կրթության բոլոր շահակիցների հետ աշխատելով՝ ապահովել կրթության և աշխատաշուկայի կապը և իրականացնել կրթական բարեփոխումներ՝ հիմնվելով աշխատաշուկայի պահանջների վրա: Կմշակվեն ուսումնառության վերջնարդյունքներ մի շարք մասնագիտությունների և առարկայական ոլորտների համար, կհրապարակվեն ուսումնամեթոդական ուղեցույցներ: Արտասահմանում կվերապատրաստվեն ՀՊՏՀ աշխատակիցներ:

Մանրամասն ծրագրի մասին հետևյալ հղումով՝ www.ararattempus.org

Աշխատաժողովը կամփոփվի վաղը՝  մարտի 19-ին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին