ՀՊՏՀ ռեկտորն ընդունեց «Հայկյան-2017» մրցանակաբաշխության մրցանակակիր ՀՊՏՀ ուսանողներին

Դիտումների քանակ՝ 1642

Ինչպես արդեն հաղորդել ենք, երեկ Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ամփոփվել է «Հայկյան-2017» մրցանակաբաշխությունը, որին ներկա է գտնվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում 6-րդ անգամ հաղթել է ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը: Մրցանակն ստացել է ՈւԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը:  Տարբեր անվանակարգերում մրցանակների են արժանացել 2017թ.  երիտասարդական ոլորտում իրենց լավագույնս դրսևորած և հետաքրքիր նախաձեռնություններով հանդես եկած երիտասարդները, երիտասարդական խմբերն ու կազմակերպությունները, մրցանակ է շնորհվել նաև առանձին երիտասարդական ծրագրերի:

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ով ներկա է գտնվել երեկ կայացած միջոցառմանը, այսօր ընդունեց ՀՊՏՀ ուսխորհրդականներին՝ շնորհավորելու և նորանոր հաջողություններ մաղթելու համար: ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ ուսանողները ռեկտորին ներկայացրեցին հաղթանակը խորհրդանշող արձանիկը և հավաստագիրը:

«Երեկ, երբ հնչեց ձեր հաղթանակի լուրը, ես կրկին հպարտության ապրումներ ունեցա, որովհետև 6 տարի նույն անվանակարգում հաղթանակ տոնելը իսկապես մեծ հաջողություն է և խոսում է մեր համալսարանի ուսանողական ինքնակառավարման մարմնի կայացած և արդյունավետ գործելու մասին: Ես ձեզ մաղթում եմ նորանոր հաջողություններ, նոր ծրագրեր և թարմ գաղափարներ՝ հիշեցնելով, որ ձեր ներդրումը հատկապես պետք է կարևոր լինի կրթության որակի բարելավման, ապա նաև՝ ուսանողական բովանդակալից առօրյայի կազմակերպման գործում»,- ասաց Կորյուն Աթոյանը:

Հովհաննես Հարությունյանը շնորհակալություն հայտնեց համալսարանի ռեկտորին՝ ընդգծելով, որ առանց նրա մարդկային, բարոյական ու նյութական աջակցության ՈՒԽ-ն չէր կարողանա արդյունավետ գործել և հաջողություններ ունենալ:

Հ.Գ. Պարգևատրման լուսանկարը՝ ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին