Սիրենք և փայփայենք բնությունը. բաց դաս՝ «Էկոլոգիական բարոյագիտություն» առարկայի շրջանակներում (լուսանկարներ)
ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնը՝ ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Գևորգյանի նախաձեռնությամբ այսօր կազմակերպել էր բաց դաս «Էկոլոգիական բարոյագիտություն» առարկայի շրջանակներում, որը վարելու համար հրավիրվել էր Գևորգ սարկավագը՝ Արմավիրի թեմից: Բաց դասին մասնակցում էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, դասախոսներ, ուսանողներ:
«Մեր մասնագիտությունը սկսվում է «Հայրենիքը սկսվում է բնությունից» խորագրով: Առաջին կուրսեցիների հետ մենք անցնում ենք նաև «Էկոլոգիական բարոյագիտություն» առարկան, որը զարգացնում և ամրապնդում է ուսանողների էկոլոգիական գիտակցությունը, էկոլոգիական բարոյագիտությունն ու էկոլոգիական մշակույթը»,- խոսքը սարկավագին փոխանցելուց առաջ հայտարարեց ամբիոնի վարիչ Սուրեն Գևորգյանը:
Գևորգ սարկավագը դասը սկսելուց առաջ նշեց, որ գովելի է ամբիոնի նախաձեռնությունը, ապա սկսեց իր դասախոսությունը՝ նվիրված մարդ-բնություն փոխհարաբերություններին: Նրա խոսքով՝ Աստված ստեղծել է բնությունը և մարդուն կարգել իշխան, որպեսզի նա ոչ թե անխնա վարվի բնության նկատմամբ, կործանի, այլ պահի-պահպանի, հարստացնի այն: «Սիրեք բնությունը, ինչպես կսիրեք ձեր նմանին». այսպիսին էր սարկավագի խորհուրդն ու հորդորը ուսանողներին: Բաց դասի ընթացքում սարկավագը աստվածաշնչյան մեջբերումներով ցույց տվեց մարդու և բնության կապը, բնության դերն ու կարևորությունը մարդու կյանքում:
Դասի ավարտին Գևորգ սարկավագը պատասխանեց ուսանողների հարցերին: Վերջիններիս գնահատմամբ՝ դասախոսությունը բավականին օգտակար և հետաքրքիր էր:
Բաց դասն իր խոսքով ամփոփեց ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը՝ շեշտելով. «Բնությունը Աստծո թագավորությունն է, որտեղ մենք հյուր ենք և շատ կարևոր է, թե մենք ինչպես ենք մեզ դրսևորում այդ թագավորությունում»: Եվս մեկ անգամ կոչ անելով բնության հանդեպ լինել հոգատար և սրտացավ՝ պրոռեկտորը նաև ողջունեց ամբիոնի նախաձեռնությունն ու կարևորեց դրա շարունակականությունը:
«Բաց դասերին մասնակցությունը շատ կարևոր է մեր՝ ուսանողներիս համար, քանի որ դրանք առաջին հերթին բարձրացնում են մեր ինտելեկտուալ մակարդակը: Այս դասախոսությունը մեզ սովորեցրեց սիրել ու պահպանել բնությունը»,-մեզ հետ զրույցում ասաց բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտությամբ սովորող 1-ին կուրսի ուսանող Սևակ Կյուրեղյանը:
«Ուսանողները պետք է հենց 1-ին կուրսից պատկերացում կազմեն, թե ինչ մասնագիտություն են ընտրել. այս առումով խիստ կարևոր է էկոլոգիական կրթությունը, դաստիարակությունը, գիտակցությունը և ընդհանրապես, էկոլոգիական մշակույթը, վաղ տարիքից բնության արժեքների ընկալումը, պատասխանատվությունն ու էկոլոգիական բարոյագիտությունը: Աշխարհի մի շարք երկրներ, որտեղ կա բնության հանդեպ ունեցած պատասխանատվության գիտակցությունը, մեծ հաջողության են հասել՝ շրջակա միջավայրի որակի, ռեսուրսների արդյունավետ օգտագործման և այլ առումներով»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ընդգծեց Սուրեն Գևորգյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին