Բաց դաս՝ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում
Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 2-րդ կուրսում այսօր կայացավ բաց դաս՝ «Ընդեղենով մեղրի շուկայի հետազոտություն» խորագրով: Ինչպես տեղեկացրեց դասի կազմակերպիչ, տ.գ.թ., ասիստենտ Լիլիթ Քոլյանը, ուսանողները, «VIS» ընկերության հետ համատեղ, իրականացրել են հետազոտություն՝ ընդեղենով մեղրի շուկայում, նույն ընկերության օրինակով:
Դասի ընթացքում ուսանողները ներկայացրեցին իրենց կատարած ուսումնասիրության արդյունքները՝ վերլուծելով դրանք: Կատարվել էր մեղրի շուկայի ընդհանուր հետազոտություն, ուսանողները սոցիալական հարցում էին անցկացրել. հարցվածների 91,0 տոկոսը օգտագործում է մեղր, ընդ որում՝ նրանց 35,7 տոկոսը՝ ամեն օր: Ըստ հարցումների՝ բնակչության հիմնական մասը մեղր գնելիս կարևորում է մեղրի որակը, իսկ ընդեղենով մեղրի ընտրությունը նրանք բացատրում են օգտակարությամբ:
Բաց դասին հրավիրված էին ներկայացուցիչներ «VIS», «Coca-Cola» ընկերություններից և տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից:
Լիլիթ Քոլյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ուսանողները մեծ ոգևորություն են ցուցաբերում նմանատիպ հետազոտությունների նկատմամբ:
«Գործնական աշխատանքը թույլ է տալիս տեսական գիտելիքները կիրառել, ինչպես նաև նոր և օգտակար գիտելիքներ ձեռք բերել: Հետազոտության արդյունքները բաց դասերի ժամանակ ներկայացնելը արդյունավետ է հատկապես մեկ առումով. բոլոր ուսանողներն էլ աշխատանքում ունենում են իրենց մասնակցությունը, ուստի դասի թեման հետաքրքրում է նրանց: Ուսանողների կողմից ավելի քան մեկ ամիս կատարվել է ուսումնասիրություն՝ «VIS» ընկերության օրինակով և ընկերությունը, ծանոթանալով ուսանողների գիտելիքներին, ցանկություն է հայտնել նրանց հետ հետագայում համագործակցելու և աշխատանքի հրավիրելու»,- ասաց Լիլիթ Քոլյանը:
Մարքեթինգի ամբիոնի վարիչ Արարատ Զաքարյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ընդգծեց սեմինար-պարապմունքների, հետազոտությունների շնորհանդեսային եղանակով անցկացման կարևորությունը և նշեց, որ իրենց ամբիոնում բաց դասերի անցկացման յուրահատուկ մեթոդներ են կիրառվում: Ամբիոնի վարիչի խոսքով՝ գործնական աշխատանքը կարևոր է այն առումներով, որ ուսանողը ուղիղ կապ է հաստատում գործատուի հետ, կարողանում է համադրել տեսական և գործնական գիտելիքները, նախապատրաստվում է պրակտիկային:
Ուսանողները ևս կարծում են, որ հետազոտության, տվյալ դեպքում արտադրող ընկերության ուսումնասիրության արդյունքները ներկայացնելը շատ հետաքրքիր աշխատանք է:
«Իրականացրել ենք հետազոտություն, որը մեզ պրակտիկ գիտելիքներ է տվել: Առաջարկել ենք նաև եղանակներ՝ շուկայում ապրանքը դիրքավորելու և մեծ գնողունակություն ապահովելու համար: Այս ամենն օգնում է մեզ հմտանալ մեր մասնագիտության մեջ»,- ասաց ուսանողուհի Մերի Քարամյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին