Յուրի Հովականյանի թարգմանություն-մեկնաբանությամբ լույս է տեսել Չեստերֆիլդի «Նամակներ որդուս» գիրքը
ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի դասախոս, փ.գ.թ., դոցենտ Յուրի Հովականյանի թարգմանություն-մեկնաբանությամբ լույս է տեսել Ֆիլիպ Դորմեր Ստենհոպ Չեստերֆիլդի «Նամակներ որդուս» նամակների գիրքը:
«Յուրաքանչյուր գիրք հասցեագրված է մարդկանց որոշակի խմբի՝ պայմանավորված նրանց նախասիրություններով և մասնագիտությամբ: Նամակների այս գիրքը հասցեագրված է բոլորին…Սրանք կարող էին լինել Մեզ ուղղված մեր Ծնողների «Նամակները», որոնք Մենք հասցեագրում ենք մեր Երեխաներին…»,- նշված է գրքի ծանոթագրությունում:
Թարգմանության հեղինակ (թարգամանությունը՝ ռուսերենից) Յուրի Հովականյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց, որ հատկապես 50-ին տարին բոլորելուց հետո յուրաքանչյուր հայր կարիք է զգում իր որդու հետ զրուցելու, խոսելու:
«Այս նամակները թարգմանելուց հետո ես զգացի, որ դրանք այն խորհուրդներն ու խոսքերն են, որ ես ցանկանում էի ասել որդուս: Ժամանակին Չեստերֆիլդի նամակները թարգմանել են նաև Մխիթարյանները, սակայն այն այսօր հասու չէ ընթերցողներին: Բացի այդ, նրանք թարգմանել էին բովանդակային մասը՝ ոչ նամակների տեսքով, ուստի այդ առումով ևս, գիրքը կարող է օգտակար լինել շատերին», - ասաց Յուրի Հովականյանը:
Գրքի առաջաբանում մանրամասն խոսվում է նամակագրության, նամակի ժանրի մասին: Հեղինակը խորհուրդ է տալիս՝ «Կարդացեք մեկ անգամ ևս»՝ նկատի ունենալով այն, որ Չեստերֆիլդի նամականին սրտացավ մարդու օգտակար խոսքն է իր զավակին, ուղղված է բոլորին:
Նշենք, որ շուտով գիրքը հասանելի կլինի գրախանութներում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին