«Տարածական զարգացում». ուղղության շրջանակներում հետազոտում են «Ամբերդ»-ականները

Դիտումների քանակ՝ 1362

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում  տնտեսությանն առնչվող մի շարք կարևոր  ուղղությունների շրջանակներում իրականացվում են հետազոտություններ, որոնց արդյունքները ներկայացվում են  գիտական սեմինարների տեսքով: ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր էլ հերթական սեմինարն էր՝ «Տարածական զարգացում» ուղղության շրջանակներում:

Սեմինարի մեկնարկն ազդարարեց գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ով, ողջունելով ներկաներին, կարևորեց  «Տարածական զարգացում» ուղղության նշանակությունը և ասաց, որ ակնկալվում են այնպիսի արդյունքներ և առաջարկներ, որոնք  կարող են ներկայացվել կառավարությանը:

Մասնակիցներին ողջունեց նաև հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը, ով ևս, ընգծեց թեմայի արդիականությունն ու կարևորությունը, ապա խոսքը փոխանցեց  հետազոտողներին:

Նշենք, որ հետազոտական խմբի կազմն  է՝ տ.գ.թ.,դոցենտ Կարեն  Գրիգորյան  (ղեկավար), տ.գ.թ.,դոցենտ Թաթուլ Մկրտչյան, տ.գ.թ., դոցենտ Սոս Խաչիկյան, տ.գ.թ., դոցենտ Տիգրան Թերզյան, տ.գ.թ., ասիստենտ Լիլիթ Քոլյան, ասիստենտ Հասմիկ Համբարձումյան, ասպիրանտ Հակոբ Արշակյան, մագիստրանտ Վեներա Առաքելյան:

Հետազոտական խմբի ղեկավար Կարեն Գրիգորյանն ամփոփ ներկայացրեց  խմբի կատարած աշխատանքը, այնուհետև խոսեց «Տարածական զարգացման բաղադրիչները ՀՀ-ում գործող ռազմավարական ծրագրերում», «Միջազգային ծրագրերը և համագործակցությունը ՀՀ-ում», «Քաղաքների տարածական զարգացման մոդելներ», «Ուրբանիզացում (քաղաքակենտրոնացում)» և այլ թեմաների մասին, ներկայացրեց նաև ՀՀ-ում կայուն զարգացման ծրագրի (ԿԶԾ) սցենարներ և  ներկայացրած բոլոր ծրագրերի ամփոփ բնութագիրը: Ինչպես նշեց Կարեն Գրիգորյանը, հետազոտելով նաև համաշխարհային գիտահետազոտական կենտրոններում կիրառվող  ծրագրերը, հանգել են այն եզրակացության, որ Եվրոպական Միության  փորձը կարելի է համարել առաջնային:

Հաջորդիվ ելույթ ունեցավ Թաթուլ Մկրտչյանը, ով ներկայացրեց  Երևանի գիտական ու կրթական ոլորտները բնութագրող ցուցանիշները (2012թ.), ՀՀ տնտեսության ճյուղերի՝ Երևանի ունեցած ցուցանիշները, Երևանի արդյունաբերության կառուցվածքը, խոսեց կրեատիվ  արդյունաբերության կենտրոնների (քաղաքների), մեր երկրի դեղագործության և  միջուկային բժշկության ոլոտների   մասին  և այլն:

Հետազոտողներից Տիգրան Թերզյանը ներկայացրեց ՀՀ մարզերի զարգացման համաթիվը, որն իր մեջ ներառում է 5՝ տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական,նորարարական, մրցունակության համաթիվ:

Սոս Խաչիկյանը ներկայացրեց «Կրթության և գիտության առանձնահատկությունները ՀՀ տարածական զարգացման համատեքստում» թեման՝ խոսելով տարածական զարգացման պայմանների, առանձնահատկությունների մասին:

Հասմիկ Համբարձումյանը ներկայացրեց  «Եղեգնաձորի տարածաշրջանի զարգացման հնարավորությունները», իսկ Լիլիթ Քոլյանը՝ «Տարածաշրջանում քլաստերների ձևավորման մեխանիզմներ.գինեգործության քլաստեր (Եղեգնաձորի տարածաշրջանի օրինակով)» թեման:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին