Միջազգային գիտաժողովի մասնակցություն, աշխատանքային նոր ձեռքբերումներ

Դիտումների քանակ՝ 2487

Մեր համալսարանի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մանկ. գիտ. թեկնածու Հովհաննես Գաբրիելյանը և ամբիոնի պրոֆեսոր, մանկ. գիտ. թեկնածու Լյովա Սամվելյանը հոկտեմբերի 23-26-ը մասնակցել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի կազմակերպած «Հոգեբանական սպասարկման հիմնախնդիրները բարձր նվաճումների սպորտում» խորագրով միջազգային գիտաժողովին:

Նրանց համահեղինակությամբ «Ուսանողների՝ ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելու սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները» գիտական հոդվածը զեկուցվել է գիտաժողովում, այնուհետև տպագրվել գիտաժողովի նյութերի ժողովածուում,  մասնակիցները ստացել են վկայականներ:

Մեզ հետ զրույցում Հովհաննես Գաբրիելյանն ընդգծեց՝ գիտաժողովին մասնակցում էին տարբեր երկրների հոգեբաններ, մանկավարժներ, ֆիզդաստիարակության ամբիոնի ներկայացուցիչներ և կարևոր էր փորձի փոխանակումը, հիմնախնդիրների համատեղ քննարկումը:

Օրերս Լյովա Սամվելյանը նաև պարգևներ է ստացել «64 պլյուս» սպորտի վետերանների աջակցության հասարակական կազմակերպությունից. ծննդյան 77-ամյակի առիթով,  ուսանողության և երիտասարդության շրջանում սպորտի զարգացման գործում մեծ ներդրման համար, ՀԿ նախագահ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, միջազգային գրոսմաստեր Ռաֆայել Վահանյանը նրան պարգևատրել է պատվո գավաթով և ոսկե հուշամեդալով:

Չնայած պատկառելի տարիքին՝ Լյովա Սամվելյանը մեծ եռանդով է զբաղվում գիտամանկավարժական գործունեությամբ: «Դասախոսը, գիտնական-մանկավարժը միշտ պետք է զբաղվի գիտական գործունեությամբ և այս համատեքստում գիտաժողովներին, տարբեր միջոցառումներին մասնակցությունը շատ  կարևոր է: Ինչ վերաբերում է պարգևատրումներին՝ դրանք գնահատականն են երկար տարիների աշխատանքի և ուղղորդում են ավելի ու ավելի սիրով ու պատասխանատվությամբ աշխատելու: Օրերս իմ բազում մրցանակների շարքը համալրվեց ևս մեկով»,-մեզ հետ զրույցում ասաց պրոֆեսորը:

Շնորհավորում ենք Հովհաննես Գաբրիելյանին և Լյովա Սամվելյանին, մաղթում նորանոր հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին