Տնտեսագետ-ուսանողները՝ նաև տաղանդավոր լուսանկարիչներ. հայտնի է հաղթողի անունը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1551

Լուսանկարչությունը յուրատեսակ արվեստ է: Լուսանկարիչները նուրբ հոգու տեր, ռոմանտիկ ու մեծ երևակայություն ունեցող անհատներ են, ովքեր աշխարհին նայում են այլ աչքերով, նրա գույներն ընկալում բոլոր երանգներով՝ սևում որոնելով սպիտակը, սպիտակի մեջ՝ ծիածանի յոթ  գույները: Լուսանկարչի պատկերային մտածողությունը, գեղեցիկի որոնման ձգտումը  ծնունդ են  տալիս այնպիսի լուսանկար-պատկերների, որոնք մարդու մոտ առաջացնում են հույզեր, զգացողություններ, բացառիկ պահեր ապրելու, միգուցե նաև՝ վերապրելու ակնթարթներ:

«Ուսանողական աշուն» ամենամյա մարզամշակութային փառատոնի շրջանակներում այսօր տեղի ունեցավ լուսանկարչական մրցույթի հանդիսավոր բացումը՝ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի, ՈւԽ նախագահ Սևակ Խաչատրյանի, ՀՊՏՀ-ականների, հրավիրված մրցատյանի կազմի մասնակցությամբ:

Մրցույթում հաղթող  ճանաչվեց մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Գևորգ Սարգսյանի  հեղինակած լուսանկարը՝ զբաղեցնելով 1-ին հորիզոնականը, 2-րդ և 3-րդ հորիզոնականներում, համապատասխանաբար, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի  2 կուրսի ուսանողներ  Էլեն Ուլյանի  և  Աիդա Բաղրամյանի լուսանկարներն են:

Ինչպես սկզբում նշեց մրցատյանի կազմի անդամ,  սիրված դերասան Գրիգոր Դանիելանը, մրցանակային տեղերը հատկացնելիս հաշվի են առնվել 2 կարևոր հանգամանք՝ գաղափարը և նկարի որակը: Ժյուրիի գնահատմամբ՝ նկարներին նայելիս թվում է, թե դրանք պրոֆեսիոնալ լուսանկարիչների կողմից արված նկարներ են:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում հաղթող նկարի հեղինակ  Գևորգ Սարգսյանը նշեց, որ արդեն 3 տարի է՝ զբաղվում է լուսանկարչությամբ: «Պատկերել եմ 3 ոսկի՝ ժամանակ, գիրք և աշուն, որն իր գույներով է ոսկի, լուսանկարս  վերնագրել եմ այսպես՝ «Դեղնած հուշերին իջել է աշուն…». գաղափարը, կարծում եմ, ստացվել է»,- ասաց Գևորգը:

Նշենք, որ գրեթե բոլոր լուսանկարներում ընդհանուր էր աշնանային-բնապատկերային  թեմատիկան՝ ամենատարբեր՝ սիրո, խոհափիլիսոփայության, ընթերցանության, ժամանակի  և այլնի  զուգակցումներով:

Մեր տնտեսագետ-ուսանողների հեղինակային լուսանկարներից ամեն մեկն աչքի է ընկնում իր ինքնատիպ գեղարվեստականությամբ: Համաձայնեք, որ շատերը հաճելիորեն զարմացել են և շարունակում են զարմանալ՝ նայելով մեր ուսանող- հեղինակների  նկարներին: Այո', Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները, բացի լավ տնտեսագետներից, ստեղծագործող  մարդիկ են, նրանք ժամանակակից ուսանողներ են, ովքեր ապացուցում են, որ  կարող են լավագույնս դրսևորվել տարբեր բնագավառներում:

Շնորհավորում ենք 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրած ուսանողներին, ինչպես նաև բոլոր մասնակիցներին՝ հաջողված և դիտարժան նկարներ հեղինակելու առիթով,մաղթում ենք երևակայական նոր թռիչքներ:

1-ին հորիզոնական

2-րդ  հորիզոնական                                                           3-րդ  հորիզոնական

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին