Այսօր հայկական արժույթի ծննդյան օրն է. հայկական դրամը 20 տարեկան է

Դիտումների քանակ՝ 992

1993 թվականի նոյեմբերի 22-ին անկախության երկրորդ տարին թևակոխած Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ մտավ ազգային արժույթը` ՀՀ դրամը: Դա պատմական ու տնտեսական ձեռքբերում էր, որը դարձավ մեր  անկախ պետականության բաղկացուցիչներից մեկը:

ՀՀ մեկ դրամը հավասար է հարյուր լումայի: Ազգային արժույթի թողարկման բացառիկ իրավունքը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին: Այսօր շրջանառության մեջ են 500, 1000, 5000, 10 000, 20 000, 50 000, 100 000 դրամանոց թղթադրամները, ինչպես նաև մետաղադրամներ և հուշադրամներ:

Հայկական դրամն ունի գրանշան, որը ստեղծվել է 1995 թվականին, հեղինակն է Կարեն Կոմենդարյանը, իսկ ՀՀ արժույթի 15-ամյակի առթիվ Կենտրոնական բանկի դիմաց 2008 թվականին տեղադրվել է դրամին նվիրված ու դրամը խորհրդանշող բրոնզե արձան, որի հեղինակը քանդակագործ Էդուրարդ Շախիկյանն է։

Այսօր արդեն հայկական դրամի ներդրումից անցել է 20 տարի: Սա հրաշալի առիթ է շնորհավորելու մեր բոլոր հայրենակիցներին այս կարևոր ձեռքբերման առիթով, իսկ ազգային արժույթին մաղթել կայուն ու երկար ճանապարհ: Նոյեմբերի 22-ի այս պատմական իրադարձությունից է ածանցվում այդ օրը հանրապետությունում որպես բանկային աշխատողի օր նշելը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է ՀՀ բանկային համակարգի բոլոր աշխատողներին (նրանց շարքերում մեծ է ՀՊՏՀ-ականների թիվը) իրենց մասնագիտական տոնի առթիվ, և մաղթում արգասաբեր աշխատանք` ի շահ մեր երկրի զարգացման ու առաջընթացի:

Հ.Գ. Լուսանկարը՝ համացանցից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին