«Ծովային ելք չունեցող երկրների միջազգային մրցունակության հիմնախնդիրները». թեման հետազոտում են «Ամբերդում»

Դիտումների քանակ՝ 1223

«Մրցունակություն, միջազգայնացում և արտաքին առևտուր» ուղղության շրջանակներում այսօր տեղի ունեցավ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հերթական գիտական սեմինարը՝ «Ծովային  ելք չունեցող երկրների միջազգային մրցունակության հիմնախնդիրները» խորագրով:

Սեմինարին մասնակցում էին  կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը, կենտրոնի աշխատակազմը,  դասախոսներ, ուսանողներ:

Սամվել Ավետիսյանը, ողջունելով ներկաներին, խոսքը փոխանցեց սեմինարի բանախոս Գրիգոր Նազարյանին:

Նշենք, որ այս հետազոտական խմբի կազմն է՝ տ.գ.թ., դոցենտ   Գրիգոր Նազարյան (հետազոտական խմբի ղեկավար), տ.գ.թ., դոցենտ Դավիթ Հախվերդյան, տ.գ.թ., դոցենտ Արմեն Գրիգորյան, տ.գ.թ., դոցենտ Աշոտ Եղիազարյան, տ.գ.թ. Աննա Փախլյան,  ասպիրանտ Արաքս Աբրահամյան (անդամներ):

Գրիգոր Նազարյանը խոսեց մրցունակության զարգացման տեսության, ազգային մրցունակության ժամանակակից սահմանումների մասին, ներկայացրեց ազգային մրցունակության  հաշվարկման ժամանակակից մեթոդները, գլոբալ մրցունակության համաթվի ստացումը և այլն:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Գրիգոր Նազարյանը նշեց.

«Մեր հետազոտության նպատակը ծովային ելք չունեցող երկրների  միջազգային մրցունակության ներքին և արտաքին մարտահրավերների բացահայտումն է, դրանց վերլուծությունն ու մրցակցային առավելությունների գնահատման հիման վրա համընդհանուր մոտեցումների և առաջարկների մշակումը, որոնց գործնական կիրառումը կնպաստի Հայաստանի Հանրապետության մրցունակության ներուժի իրացմանը և թույլ կողմերի զարգացման համալիր առաջարկությունների մշակմանը: Այդ նպատակի իրագործման համար կարևորում ենք մի շարք խնդիրների լուծումներ:

Հետազոտության շրջանակներում խումբը փորձել է վերլուծել միջազգային մրցունակության գնահատման մեթոդաբանական հիմքերը, հիմնականում անդրադարձել ենք ծովային ելք չունեցող երկրների, այդ թվում՝ Հայաստանի հիմնախնդիրներին, ներմուծման և արտահանման ընթացակարգերին և առաջարկել ենք համապատասխան լուծումներ»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին