Կայացավ ՀՊՏՀ «Ուսանողական աշուն» մարզամշակութային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
ՀՊՏՀ մարզադահլիճում ռեկտոր Կորյուն Աթոյանի մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ «Ուսանողական աշուն 2013» –ի հանդիսավոր բացումը: ՀՊՏՀ լավագույն մարզիկները շքերթով մուտք գործեցին մարզադահլիճ՝ազդարարելով մարզամշակութային փառատոնի հանդիսավոր բացումը: Ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչի ժ/պ, մարզական խաղերի գլխավոր մրցավար Սիմոն Հակոբյանը զեկուցեց, որ «Ուսանողական աշուն» մարզական խաղերի մասնակիցները պատրաստ են բացմանը, այնուհետև խոսքը փոխանցեց Կորյուն Աթոյանին:
«Սիրելի ուսանողներ, հարգելի գործընկերներ,սրտանց ողջունում եմ մեր համալսարանի ավանդական դարձած, ամենամյա «Ուսանողական աշուն» մարզամշակութային փառատոնի բացման կապակցությամբ: Ուսանողները, բացի իրենց հիմնական գործառույթից՝ սովորելուց, պետք է ընդգրկված լինեն նաև նման նախաձեռնություններում, ինչը հիշարժան կդարձնի ուսանողների կյանքը: Ցանկանում եմ, որ այստեղ ևս իշխի արդարությունը և հաղթի ուժեղագույնը»,- ասաց Կորյուն Աթոյանը՝ համալսարանական- ուսանողական կյանքը բազմաբովանդակ դարձնելու առումով կարևորելով ուսանողների մասնակցությունը նմանատիպ միջոցառումներին:
Մասնակիցներին ողջունեցին նաև ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը և ՀՀ ուսանողական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը, ով հրավիրվել էր ուսխորհրդի կողմից:
Սիմոն Հակոբյանը ներկայացրեց ՀՊՏՀ 2013 թ. լավագույն մարզիկներին (ռեկորդակիրներին) , որոնցից շատերն առաջատար են ոչ միայն բուհում, այլև աշխարհի չեմպիոններ, եվրոպական մրցաշարերի հաղթողներ, ՀՀ բազմակի չեմպիոններ են (Հրանտ Հայրապետյան, Հայկ Ամիրխանյան, Լուսինե Իսկանդարյան,Նարե Հովհաննիսյան և ուրիշներ): Այնուհետև հնչեց Հայաստանի օրհներքը, որի ներքո բարձրացավ հայոց եռագույնը:
Հանդիսավոր բացմանը հաջորդեց միջֆակուլտետային ֆուտբոլային խաղը՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի և ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետների միջև:
Խաղն ավարտվեց 10-6 հաշվով՝ հօգուտ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի:
Ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց գլխավոր մրցավարը՝ թիմերում խաղում էին ՀՀ բուհական մրցումների չեմպիոններից շատերը (ՀՊՏՀ ֆուտբոլային թիմը չեմպիոն է), ուստի պայքարը թեժ էր:
Նշենք, որ խաղացող թիմերին ակտիվորեն երկրպագում էին ուսանողները, ինչպես նաև հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը:
Տեղեկացնենք նաև, որ փառատոնի շրջանակներում միջֆակուլտետային ֆուտբոլային խաղերը կշարունակվեն մինչև այս շաբաթվա վերջ:
Թիմերին մաղթում ենք հաջողություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին